Անցյալ տարվա ապրիլ-մայիսի իրադարձություններից հետո իշխանությունները պետք է ներկայացնեին Հայաստանի զարգացման տեսլականը, բայց դա տեղի չունեցավ: Այս մասին դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Նրա խոսքով՝ տարվա ընթացքում քննարկվել է միայն 2 օրենք՝ Կառավարության ծրագիրը եւ Հարկային օրենսգիրքը:

«Մայիսի վերջին, երբ դատարանների մուտքերն արգելափակվեցին, կարելի է ասել, որ Հայաստանում ներքաղաքական օրակարգ չկա, եւ ամեն ինչ պտտվում է երկրորդ նախագահի շուրջը: Հենց դատարանների շրջափակումից հետո նրա գործն իրավականից վերածվեց քաղաքականի»,- պարզաբանեց փորձագետը:

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ Արմեն Բադալյանը նշեց, որ այստեղ եւս ոչ մի ձեռքբերում չի եղել, քանի որ Հայաստանն առաջատար երկրներին ոչինչ չի առաջարկում:

«Գոյություն ունի 2 խնդիր, որոնք հայ-ռուսական հարաբերություններն ավելի ջերմ չեն դարձրել. երկրորդ նախագահի գործոնը եւ լրատվամիջոցների տեղեկություններով՝ Հայաստանում իշխանության ամենաբարձր մակարդակով որոշ սորոսցիների գործունեությունը: Վարչապետի Իրան այցը նշանավորվեց գործակալների մասին հայտարարությամբ:

Հայաստանն արտաքին քաղաքականության ոլորտում վարում է պուտինամետ արտաքին քաղաքականություն: Վարչապետը ցանկանում է Պուտինին համոզել, որ ինքը լավ դաշնակից է»,- շեշտեց քաղաքագետը: