Տիեզերագնացությունը եւ դեպի տիեզերք թռիչքը մեծ նշանակություն ունեն ողջ մարդկության համար, սակայն տիեզերագնացության զարգացումը իր հետ բերում է նաեւ նոր խնդիրներ: Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը: Նրա խոսքով` տիեզերագնացության զարգացման արդյունքում առաջ եկած խնդիրը` տիեզերական աղբն է, որի չափերը գնալով ավելի է մեծանում:

«Տարիների ընթացքում դեպի տիեզերք են ուղարկվել բազմաթիվ տիեզերանավեր, որոնց մի մասը երկար տարիներ մնում է այնտեղ, արդյունքում` դրանք բեկորների են վերածվում եւ դառնում տիեզերական աղբ, որը լուրջ վտանգ է իրենից ներկայացնում»,-ասաց Հ. Հարությունյանը: Նրա խոսքով` նմանատիպ բեկորների չբախվելու համար դեպի տիեզերք ուղարկվող տիեզերանավերը մի քանի անգամ արդեն փոխել են իրենց  տիեզերակայանը, իսկ մեծ քանակությամբ բեկորները կամաց- կամաց սկսում են փակել տիեզերագնացության ճանապարհը:

Հ. Հարությունյանի խոսքով` այս առնչությամբ ներկայումս մտահոգված են բազմաթիվ երկրներ: Բյուրականի աստղադիտարանը եւս ներգրավված է տիեզերական աղբի դեմ պայքարի ծրագրում. Բյուրականի աստղադիտարանը սկսել է դիտումներ կազմակերպել` փորձելով գտնել տիեզերական աղբն ու որոշել դրանց ուղղությունը` այս համաշխարհային խնդրի լուծմանը աջակցելու նպատակով:

«Եթե այս խնդիրը որեւէ ձեւով չլուծվի, եւ այսպես շարունակվի, ապա շուտով, արդեն 2020 թ. խիստ վտանգավոր կդառնա որեւէ տիեզերանավի, արբանյակի կամ հրթիռի բացթողումը տիեզերք»,-ամփոփեց Աստղադիտարանի տնօրենը: 

Հիշեցնենք, որ 50 տարի առաջ` 1961թ. ապրիլի 12-ին` Մոսկվայի ժամանակով ժամը 9:07-ին Բայկոնուր տիեզերակայանից տիեզերք թռավ «Վոստոկ» տիեզերանավը` Յուրի Գագարինի կառավարմամբ:

Լուսինե Մովսիսյան