ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը խիստ քննադատության է ենթարկել Հյուսիսային Կորեայի նկատմամբ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը՝ նախազգուշացնելով, որ Փհենյանն «անխուսափելի» սպառնալիք է ներկայացնում:
«ԱՄՆ եւ մեր դաշնակիցների զինված ուժերի համար վտանգն անխուսափելի է, եւ պահանջվում է ավելի արդյունավետ քաղաքականություն, նախքան Փհենյանի մոտ տեխնոլոգիաներ կհայտնվեն»,- կարծում է Բոլթոնը, որը սեպտեմբերին պաշտոնանկ էր արվել Թրամփի հետ տարաձայնությունների պատճառով:
Axios լրատվական կայքի հետ հարցազրույցում Բոլթոնը նաեւ հայտարարել է, որ, իր կարծիքով, իրականում Թրամփի վարչակազմը մտադիր չէ Փհենյանին խանգարել դառնալու օրինական միջուկային տերություն, որը կարող է հրթիռներ արձակել մյուս երկրների վրա, հակառակ դեպքում «կգնար այլ ճանապարհով»: «Այն գաղափարը, թե մենք ինչ-որ կերպ Հյուսիսային Կորեայի վրա առավելագույն ճնշում ենք գործադրում, ցավոք, իրականությանը չի համապատասխանում»,- ասել է նա:
Եթե Հյուսիսային Կորեան անցկացնի լուրջ փորձարկում կամ վերջնագրի ժամկետի լրանալուց հետո ձեռնարկի որեւէ այլ լուրջ սադրանք, Բոլթոնը հույս է հայտնել, որ Վաշինգտոնը կընդունի իր սխալը եւ կասի. «Մենք փորձեցինք: Քաղաքականությունը տապալվեց»:
Բոլթոնը Թրամփին քննադատել է նաեւ այն պատճառով, որ նա ասել է, թե փոքր հեռահարության հյուսիսկորեական հրթիռային փորձարկումներն իրեն չեն մտահոգում: «Երբ նախագահն ասում է. «Դե, ես չեմ մտահոգվում փոքր հեռահարության հրթիռների մասին», ապա նա փաստացի ասում է այն մասին, որ նրան չի մտահոգում տարածաշրջանում տեղակայված ամերիկյան զորքերի կամ մեր դաշնակիցներ Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի զորքերի համար պոտենցիալ ռիսկը»:





























