Չինաստանը, Ճապոնիան եւ Հարավային Կորեան պայմանավորվել են միասին աշխատել Միացյալ Նահանգների եւ Հյուսիսային Կորեայի միջեւ երկխոսությունն առաջ մղելու համար, հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը Չինաստանում երեք երկրների գագաթնաժողովից հետո, փոխանցում է Reuters-ը:

Չինաստանի եւ Ճապոնիայի վարչապետներ Լի Կեցյանի եւ Սինձո Աբեի հետ հանդիպումից հետո ելույթ ունենալով՝ նա նշել է, որ երեք երկրները համաձայնվել են սերտ շփման անհրաժեշտության հարցում:

«Հարավային Կորեան, Չինաստանը, Ճապոնիան պայմանավորվել են շարունակել սերտ կապը եւ համագործակցությունը Կորեական թերակղզու ապամիջուկայնացման եւ կայուն խաղաղության հաստատման նպատակներով»,- ասել է Մուն Չժե Ինը համատեղ մամուլի ասուլիսում: «Մենք համակարծիք ենք այն հարցում, որ Կորեական թերակղզում խաղաղությունը համապատասխանում է երեք երկրների ընդհանուր շահերին, եւ որոշել ենք միասին աշխատել Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի միջեւ երկխոսության արագ վերականգնման հիման վրա ապամիջուկայնացման շարունակությունը եւ խաղաղությունը ապահովելու համար»,- հավելել է նա:

Լի Կեցյանը նշել է, որ երեք առաջնորդները հաստատել են երկխոսության միջոցով հյուսիսկորեական խնդրի լուծումը գտնելու անհրաժեշտությունը: