Հայաստանում Ամերիկյան համալսարանն ու PicsArt ընկերությունը ստորագրել են համագործակցության մասին պայմանագիր, որի շրջանակում պատրաստվում են ստեղծել արհեստական ինտելեկտի հետազոտական լաբորատորիա: Լաբորատորիան հնարավորություն կընձեռի դասախոսներին եւ ուսանողներին հետազոտություններ անցկացնել մեքենայական ուսուցման եւ մեքենայական (համակարգչային) տեսողության ոլորտներում: Պայմանագիրը ստորագրելու արարողության ժամանակ ելույթ ունենալիս Հայաստանում Ամերիկյան համալսարանի ղեկավար Կարին Մարքիդեսը նշել է, որ արհեստական ինտելեկտի հետազոտական լաբորատորիայի բացումը կարեւոր փուլ է ՀԱՀ-ի զարգացման գործում եւ նշանակալի քայլ Հայաստանում ավանդական ուժեղ կողմերի զարգացման հարցում, ինչպիսիք ենք ճշգրիտ գիտություններն ու ՏՏ-ն: Մարքիդեսն ընդգծել է, որ այդ ոլորտները զարգացնելու համար պահանջվում են համընդհանուր ջանքեր, որոնք պետք է գործադրվեն ոչ թե առանձին ընկերությունների կամ համալսարանների, այլ ամբողջ երկրի կողմից: «Եթե մենք կարողանանք հասնել դրան, մենք կդառնանք եզակի այդ առումով»,-համոզված է նա:
Մարքիդեսը նշել է, որ Հայաստանի համար կարեւոր է գրավել միջազգային կորպորացիաների ուշադրությունը, սակայն նրանք պետք է այստեղ տեսնեն ոչ թե մատչելի արտադրանք ձեռքբերելու հնարավորությունը, այլ երկրի պոտենցիալը: Մարքիդեսը համոզված է, որ Հայաստանն ունի այդ պոտենցիալը եւ ոչ միայն արդեն առկա արտադրանքի զարգացման համար, այլ նաեւ նորը ստեղծելու գործում: PicsArt հարթակի հիմնադիր Հովհաննես Ավոյանը նշել է, որ ՏՏ ոլորտի արագընթաց զարգացումը հանգեցրել է նրան, որ արհեստական ինտելեկտը ներթափանցել է բոլոր ոլորտներում՝ սկսած առողջապահությունից մինչեւ ֆինանսներ եւ պաշտպանություն: Նա համոզված է, որ PicsArt-ի եւ ՀԱՀ-ի համագործակցությունը կլինի շարունակական եւ կնպաստի Հայաստանում այդ ոլորտի զգալի զարգացմանը՝ դարձնելով երկիրը «գերազանցության կենտրոն ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ ապագայում նաեւ ամբողջ աշխարհում»: «PicsArt-ը ինչ-որ ուշագրավ արտադրանք ստեղծող ընկերություն է, եւ մենք կարող ենք ուշագրավ դարձնել նաեւ արհեստական ինտելեկտը»,-համոզված է Ավոյանը: PicsArt ընկերության տնօրեն Գուրգեն Պետրոսյանը նշել է, որ ուսանողներն արդյունավետ զարգացման համար էներգիայի աղբյուր են: Պայմանագիրը ստորագրելով եւ հետազոտական լաբորատորիան հիմնելով՝ PicsArt-ն ու ՀԱՀ-ը ստեղծում են հիմքեր բարձր որակավորում ունեցող կադրեր պատրաստելու համար, ասել է Պետրոսյանը՝ ընդգծելով այդ հարցում հետեւողականություն ցուցաբերելու անհրաժեշտությունը: ՀԱՀ-ի ինժեներական ֆակուլտետի դեկան Արամ Հաջյանը նշել է, որ լաբորատորիան կսկսի գործել արդեն հունվարին: Սկզբանական փուլում աշխատանքում կներգրավվեն ՀԱՀ-ի երկու դասախոսներ, PicsArt –ի մեքենայական ուսուցման մասնագետներ եւ 51 ուսանողներ: 6 շաբաթ տեւողությամբ դասընթացներից հետո լավագույն ուսանողները կստանան արհեստական ինտելեկտի լաբորատորիայում աշխատանքի հրավեր: «Այդ աշխատանքը կունենա գիտական եւ կորպորատիվ ուղղվածություն: Առաջին փուլի ընթացքում ուսանողները կստանան կոնտեքստի վերաբերյալ գիտելիքներ եւ հետազոտական հմտություններ»,-տեղեկացրել է նա:





























