«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը հրաժարվում է որեւէ կերպ առնչություն ունենալ ՀՔԾ-ի հետ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
Նշենք, որ այսօր Արմեն Թավադյանը ձերբակալվել է, ըստ ոստիկանության, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործով։
Պաշտպանը հայտնել է, որ Թավադյանն այս գործի վերաբերյալ որեւէ վերաբերմունք չի դրսեւորել, ցուցմունք չի տվել. «Գտնում է, որ իրեն այս գործով քրեական հետապնդման ենթարկելու որեւէ հիմք չկա։ Սա ինչ-որ իմաստով քաղաքական գործունեության, որպես ԶԼՄ-ի սեփականատեր, լռեցնելու նպատակով է արվել»։
Հովհաննես Խուդոյանը պատմել է, որ Թավադյանին բերման են ենթարկել Մաշտոցի պողոտայից այսօր՝ 14։20-ին. «Որեւէ հրավեր մինչեւ այդ չի եղել, նրան միանգամից տրվել է կասկածյալի դատավարական կարգավիճակ։ Այժմ այդ կասկածը հաստատվել ու ներկայացվել է, պարոն Թավադյանը ձերբակալվել է, հիմա տեղափոխվում է ձերբակալվածների պահման վայր»։
Ըստ փաստաբանի՝ ձերբակալման արձանագրության մեջ անորոշ եւ անտրամաբանական բաներ կան. «Մեզ հիմքերը դեռ պարզ չեն, որովհետեւ ձերբակալման արձանագրության մեջ նշված է «այլ անձանց գործողություններ», որեւէ կերպ նշված չէ, որ Թավադյանի կողմից որեւէ գործողության կատարում։ Վերջում այդ անձանց գործողությունները վերագրվել են պարոն Թավադյանին։ Որեւէ տրամաբանական բացատրություն չկա, թե իր ո՞ր գործողությունն է ՀՔԾ-ն համարում ապօրինի»։
Հարցին՝ արդյոք ինքը ծանոթացե՞լ է Վարուժան Մկրտչյանի տված ցուցմունքներին, պաշտպանը բացասական պատասխան է տվել.
«Եթե ՀՔԾ-ի կարծիքով Վարուժան Մկրտչյանը ենթադրյալ հանցագործության կատարողն է եւ որեւէ կերպ փորձում են կապել Թավադյանի հետ, ապա որեւէ տարբերակված մոտեցումը կրկին կասկածների տեղիք կտա, որ սա ուղղորդված գործընթաց է հենց Թավադյանի դեմ»։
Հարցին՝ արդյոք Վարուժան Մկրտչյանի խափանման միջոց ընտրված ստորագրությունը, ինչ-որ ենթադրությունների առիթ տալի՞ս է, պաշտպանն ասել է. «Այդ ենթադրությունները պետք է փաստարկված լինեն, նոր ներկայացվեն հանրությանը։ Խափանման միջոցներ կիրառելուց պետք է առավելագույն մեղմ միջոցը կիրառել, եթե առկա է դրա հնարավորությունը»։
Նշենք, որ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (Սուտ ցուցմունք տալու նպատակով վկային կամ տուժողին կաշառելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Թավադյանը ձերբակալվել է նույն քրեական գործի շրջանակում, նույն հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով։
Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության, Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանը Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել Մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից եւ չներկայանալ դատական նիստերին՝ հայտնելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։
Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ոստիկանության տեսանյութն ապացույցն է իշխանության կեղտոտ խաղերի, եւ որ պաշտպանական կողմը որեւէ նպատակ չունի խոչընդոտելու գործի քննությանը։











