Միլիարդատեր եւ ԱՄՆ նախագահի թեկնածու Մայքլ Բլումբերգը խոստովանել է, որ իր նախընտրական շտաբը չիմացությամբ օգտագործել է բանտարկյալների աշխատանքը իր անունից հեռախոսազանգերի համար, տեղեկացնում է Reuters-ը։

Բլումբերգի խոսքով՝ բանտարկյալներին օգտագործած ընկերության հետ համագործակցությունը դադարեցված է։ «Մենք կողմնակից չենք այդ գործելակերպին, եւ մենք կհետեւենք, որպեսզի մեր կապալառուները ավելի ուշադիր ստուգեն իրենց ենթակապալառուներին հետագայում»,- ասվում է Բլումբերգի հայտարարությունում։

Բլումբերգը, որը ութերորդն է ամենահարուստ ամերիկացիների ցուցակում, նախագահական մրցարշավի մասնակից է դարձել նոյեմբերին, բայց նախընտրական գովազդի վրա արդեն ավելի շատ է ծախսել, քան նրա՝ Դեմոկրատական կուսակցությունից առաջադրվող հիմնական մրցակիցները ողջ տարում։

Reuters/Ipsos-ի հարցման տվյալներով, որն անցկացվել է դեկտեմբերի 18-19-ին, դեմոկրատներին հարող ընտրողների մոտ 5 տոկոսը կողմնակից է Բլումբերգին, որը նախկինում եղել է Նյու Յորքի քաղաքապետը։ Դեմոկրատական կուսակցության առաջատար թեկնածուները, թարմ հարցման համաձայն, նախկին փոխնախագահ Ջո Բայդենն ու սենատորներ Բեռնի Սանդերսը եւ Էլիզաբեթ Ուորենն են։