Իշխող քաղաքական ուժի քաղաքականությունը դատական իշխանության, մասնավորապես՝ Սահմանադրական դատարանի նկատմամբ կարելի է բնութագրել որպես հակապետական գործունեություն։ Այս մասին դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության նախագահ Արա Հակոբյանը։

Նա նշեց, որ իշխող քաղաքական ուժը, վերցնելով օրենսդրական եւ գործադիր իշխանությունը, այժմ ձգտում է վերահսկողության տակ վերցնել դատականը, ընդ որում՝ ճնշում գործադրելու միջոցով։ Քաղաքական գործիչը նշել է, որ աղմկալի քրեական գործերի ձգձգումը, այդ թվում Հայաստանի երկու նախագահների գործով, մտածել է տալիս այն մասին, որ դրանք քաղաքական ենթատեքստ ունեն, եւ մարդկանց թիվը, ովքեր այդպես են մտածում, ավելանում է։ «Իշխանությունները զբաղված են ոչ թե սոցիալ-տնտեսական կամ իրավական հարցեր լուծելով, այլ նրանով, որպեսզի ամրացնեն իրենց դիրքը»,- ընդգծել է Հակոբյանը։

«Ազգային օրակարգ» կուսակցության անդամ, քաղաքագետ Ավետիք Չալաբյանը, իր հերթին, նշել է, որ իշխանությունների հայտարարած տնտեսական հեղափոխությունը գաղափարախոսական հենք չունի։ «Բացի այդ, հեղափոխական ցուցանիշների բացակայության մասին է վկայում նաեւ 5 տոկոսանոց տնտեսական աճը, ինչը միջին, այլ ոչ թե հեղափոխական ցուցանիշ է»,- նշել է նա։ Չալաբյանը միաժամանակ ավելացրել է, որ առանց անցյալի հստակ քաղաքական գնահատականների անհնար է խոսել նորմալ իրավական գնահատականների եւ գործընթացների ապահովման մասին։