Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մտադիր է հունվարին, երբ օրենսդիրները աշխատանքը կվերսկսեն, խորհրդարան ներկայացնել Լիբիա թուրք զինվորականների ուղարկելու հարցում: Նա այս մասին հայտնել է Անկարայում ելույթ ունենալիս, հայտնում է NTV-ն:

«Հենց խորհրդարանը բացվի, մենք առաջին հերթին հարցում կներկայացնենք զորքեր ուղարկելու մասին: Եթե մենք [Տրիպոլիի կողմից զորք ուղարկելու] համապատասխան հրավեր ստանանք, ապա այն կընդունենք»,- ասել է նա: Ընդ որում՝ Էրդողանը նշել է, որ «Տրիպոլիից հարցման բացակայության դեպքում զինվորականները ոչ մի տեղ չեն գնա»:

«Մենք Տրիպոլիի վարչակազմին կցուցաբերենք ցանկացած աջակցություն, որը պայքար է մղում խռովարար գեներալի դեմ, որի օգտին են հանդես գալիս որոշ եվրոպական եւ արաբական երկրներ: Նրանք օգնում են նրան, իսկ մենք Լիբիայի օրինական կառավարության կողմում ենք»,- ասել է թուրք առաջնորդը:

Էրդողանը նաեւ անդրադարձել է նոյեմբերի 28-ին Տրիպոլիի հետ ստորագրած ծովային գոտիների սահմանազատման մասին Թուրքիայի եւ Լիբիայի միջեւ փոխըմբռնման հուշագրին, որը հարուցել է Հունաստանի խիստ արձագանքը: «Այս փաստաթուղթն ուժի մեջ է մտել: Մեր նպատակը Միջերկրական ծովում որեւէ մեկից իր իրավունքը վերցնելը չէ, այլ մեր իրավունքների ուզուրպացիան կանխելը: Մեզ ցանկանում էին սահմանափակել միայն մեր առափնյա սահմաններում: Այս համաձայնագիրը ամբողջությամբ օրինական է»,- հայտարարել է նա:

Ներկայում Լիբիայում զուգահեռ գոյություն ունեն գործադիր իշխանության երկու մարմիններ՝ Ֆաիզ Սարաջի միջազգայնորեն ճանաչված ԱՀԿ-ն եւ Աբդալա Աբդուռահման աթ Թանիի ժամանակավոր կառավարությունը, որը գործում է երկրի արեւելքում՝ խորհրդարանի հետ համատեղ, եւ աջակցվում է ու ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի Լիբիական ազգային բանակի կողմից։ Վերջինը դեկտեմբերի 12-ին հայտարարել էր, որ իր զինված ուժերը ձեռնարկում են «վճռական մարտը մայրաքաղաքի համար»։ Լիբիայի ազգային բանակի հրամանատարությունը ավելի վաղ քանիցս ընդգծել էր, որ կդիմակայի ցանկացած օտարերկրյա ինտերվենցիայի Լիբիայում, ինչպես նաեւ սպառնացել է խորտակել Թուրքիայի ռազմական օգնություն տեղափոխող նավերը եւ խփել տրանսպորտային ինքնաթիռները։