ԼՂՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, այսօր ապրիլի 13-ին ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Ակնա-Բարդա ճանապարհին` Ասկերանի ուղղությամբ:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման խումբը գլխավորել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ /ԳՆԱՆ/ Անջեյ Կասպշիկը: Դիտարկմանը մասնակցել են ղարբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) եւ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), ովքեր անցել են շփման գծի` նախօրոք ականազերծված հատվածով` սույն թվականի մարտի 8-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ օբյեկտիվ հետաքննություն անցկացնելու կապակցությամբ դեսպան Կասպշիկին աջակցելու նպատակով:
ԼՂՀ կողմից դիտարկման խմբում ընդգրկված են եղել ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը/Հունգարիա/, ԳՆԱՆ դաշտային օգնական Մարիուս Պուոձիունասը/Լիտվա/:
Ադրբեջանական կողմից դիտարկումն իրականացրել են ԳՆԱՆ դաշտային օգնականներ Քրիստո Քրիստովը/Բուլղարիա/, Անտալ Հերդիչը/Հունգարիա/ եւ Վիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/:
Դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարարության եւ ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:





























