ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է պետքարտուղարի պաշտոնում թեկնածուի հարցը այն դեպքում, եթե ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության գործող ղեկավար Մայքլ Պոմպեոն որոշի պաշտոնը թողնել հանուն Կանզաս նահանգից Սենատի ընտրություններին մասնակցելու, հայտնում է The Washington Post-ը:
Լուրերն այն մասին, որ հաջորդ տարի Պոմպեոն, հնարավոր է, առաջադրվի Սենատի թեկնածու, Վաշինգտոնում վաղուց են պտտվում: Ինքը՝ Պոմպեոն, ավելի վաղ դա հերքում էր: Սակայն, ինչպես նշում է The Washington Post-ը, պետքարտուղարի շրջապատում պնդում են, որ նա այս հարցով վերջնական որոշում չի ընդունել, բայց նա դեռ ժամանակ ունի. թեկնածուների գրանցումը ավարտվելու է միայն մյուս տարվա հունիսին: Թրամփն իր հերթին ավելի վաղ հայտարարել էր, որ Պոմպեոյին «դուր է գալիս այն, ինչն անում» է պետքարտուղարի պաշտոնում, բայց եթե վտանգ առաջանա, որ հանրապետականները 2020 թվականի ընտրություններում կարող են կորցնել Կանզասից սենատորի տեղը, ապա Պոմպեոն կարող է առաջադրել իր թեկնածությունը եւ «ահռելի գերազանցությամբ հաղթել»:
Պարբերականը պարզաբանում է, որ այս անորոշությունը վաշինգտոնյան մի շարք պաշտոնյաների ստիպել է աչք դնել պետքարտուղարի պաշտոնի վրա, իսկ Թրամփը, չիմանալով, թե Պոմպեոն արդյունքում ինչ որոշում կկայացնի, այլ օրենսդիրների եւ պաշտոնատար անձանց հետ զրույցներում սկսել է Պետքարտուղարության ղեկավարի պաշտոնում պոտենցիալ թեկնածուների ընտրել:
Պարբերականի տեղեկություններով՝ որպես Պոմպեոյի հնարավոր հետնորդ առավել հաճախ նշում են ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ՛Բրայենին: Պարբերականը նշում է, որ նրան դրականորեն է վերաբերվում թե՛ Թրամփը՝ նրան վստահելով «դիվանագիտական պարտականությունների» մեծ շրջանակ, թե՛ ներկայիս պետքարտուղարը:
Պետքարտուղարության ղեկավարի մյուս հավանական հավակնորդը ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն է, սակայն, ինչպես նշում է պարբերականը, կենտրոնացվածությունը ֆինանսական ոլորտի վրա եւ Չինաստանի հետ հարաբերություններում խաղաղասիրական դիրքորոշումը Մնուչինին կարող են խանգարել պետքարտուղարի պաշտոնի համար պայքարում: Պարբերականը նշում է, որ չնայած Պոմպեոն եւ Մնուչինը քաղաքական դաշնակիցներ են, արտաքին քաղաքականության նրանց տեսակետները տարբերվում են: Այսպիսով, եթե արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի պաշտոնը բաժին ընկնի Օ՛Բրայենին, նա, ամենայն հավանականությամբ, կշարունակի Պոմպեոյի քաղաքականությունը, իսկ Մնուչինը կցուցադրի «կտրուկ հրաժարում» Պետքարտուղարությունում ստեղծված ստատուս քվոյից:
Պետքարտուղարի պաշտոնում եւս մեկ թեկնածու է Պոմպեոյի առաջին տեղակալ Սթիվեն Բիգենը: Պոմպեոյի հրաժարականի դեպքում հենց նա կդառնա պետքարտուղարի պաշտոնակատարը: Պարբերականի պարզաբանմամբ՝ այդ դեպքում այն, թե Բիգենը որքան երկար կմնա այդ դերում, մեծապես կախված է Պոմպեոյից. եթե նա իր պաշտոնից հեռանա չափազանց ուշ, ապա Թրամփը կարող է թեկնածու առաջադրելու եւ Սենատում նրան հաստատելու ժամանակ չունենա: Այդ դեպքում Բիգենը կարող է պաշտոնակատար մնալ ընդհուպ մինչեւ 2020 թվականի ընտրությունները:
Դրանից բացի, Թրամփը տեղեկացել է Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելլի թեկնածության մասին իր շրջապատի ներկայացուցիչների կարծիքին: Պետքարտուղարության ղեկավարի տեղի հավակնորդների թվում են հայտնվել նաեւ ԱՄՆ Իրանի հարցով հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը եւ սենատորներ Մարկո Ռուբիոն (հանրապետական, Ֆլորիդա նահանգից) եւ Թոմաս Կոտտոնը (հանրապետական, Արկանզաս նահանգից):





























