Ճապոնիայի պատվավոր կայսր Ակիհիտոն կնոջ՝ Միտիկոյի հետ գահից հրաժարվելուց հետո հունվարի 2-ին առաջին անգամ պաշտոնապես կներկայանա հանրությանը: Ուրբաթ Kyodo գործակալությունը հայտնել է, որ նրանք կայսերական ընտանիքի մյուս անդամների հետ մասնակցելու են ամանորյա շնորհավորանքին:
Ակիհիտոն եւ Միտիկոն դուրս կգան պալատի հատուկ պատշգամբ՝ օրվա առաջին կեսին երեք անգամ ողջունելու Ճապոնիայի հավաքված բնակիչներին: Ընդ որում՝ կայսր Նարուհիտոն եւ կայսրուհի Մասակոն այդպիսի ընդհանուր 5 շնորհավորանք կկատարեն:
Ճապոնիայում ամանորյա գլխավոր ավանդույթներից մեկը կայսեր շնորհավորանքն է: Ամեն տարի դրա համար պալատի մոտ են գալիս հազարավոր մարդիկ: Ըստ ավանդույթի՝ միապետը եւ նրա ընտանիքի անդամները ողջունում են իրենց հպատակներին Կայսերական պալատի զրահապատ ապակիով փակված պատշգամբից:
Ակիհիտոն գահակալել է 1989 թվականին հոր մահից հետո եւ դարձել ճապոնացի առաջին միապետը, որը գահը ստացել է հետպատերազմական սահմանադրության գործողության ժամանակ: Ներկայիս հիմնական օրենքի համաձայն՝ կայսրն անգամ պետության ղեկավարի նվազագույն կարգավիճակ չունի, այլ հռչակվում է միայն պետության եւ ժողովրդի միասնության խորհրդանիշ: Ճապոնիայում միապետը զրկված է որեւիցե իրական լիազորությունից եւ կատարում է զուտ արարողակարգային գործառույթներ: Ի դեպ, բուն Ճապոնիան եւս, որը մինչեւ պատերազմը անվանվում էր կայսրություն, հիմա պաշտոնապես կոչվում է Ճապոնիա պետություն:
Նարուհիտոն գահակալել է մայիսի 1-ին, երբ հայրը կամավոր հանգստի է գնացել տարիքի պատճառով: Տոկիոյում հոկտեմբերի 22-ին տեղի էր ունեցել երկրին եւ աշխարհին նոր կայսերը ներկայացնելու արարողությունը, որին հրավիրվել էին մեծ թվով օտարերկրյա հյուրեր: Այնուհետեւ՝ նոյեմբերի 10-ին, կայսր Նարուհիտոն եւ նրա կինը՝ կայսրուհի Միտիկոն բաց լիմուզինով հատուկ շարասյունով անցել են Ճապոնիայի մայրաքաղաքի փողոցներով: Նրանց ողջունել են ավելի քան 120 հազար քաղաքի բնակիչներ եւ զբոսաշրջիկներ:





























