Այսօր Վերաքննիչ դատարան ենք դիմլու «5-րդ ալիքի» սեփականատիրոջ կալանքի դեմ միջնորդությամբ: Այս մասին դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «5-րդ ալիքի» սեփականատիրոջ փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

Նա նշեց, որ հաշվի առնելով իրավապահ մարմինների աշխատելու մեթոդը՝ դժվար է պատկերացնել, որ որոշումը արագ կկայացվի: «Ինչպես հայտնի է, Հայաստանի իրավական համակարգը օպերատիվորեն որոշում է մարդու կալանավորման մասին, բայց երբ գործը հասնում է մինչեւ բողոքարկում, ամեն ինչ ձգձգվում է»,- նշեց փաստաբանը:

Նրա խոսքով՝ իրավապահ մարմինները հիմնվում են տեսանյութերի վրա, սակայն պաշտպանական կողմը դա չի տեսել: «Դատարանը ոչ մի ձեւով չի անդրադարձել մեր փաստարկներին, իսկ փաստաբանի դիմումը մեղադրանքը պարզաբանելու անհրաժեշտության մասին մեկնաբանել է այնպես, որ պաշտպանության կողմը համաձայն չէ մեղադրանքին»,- հավելեց նա:

Խուդոյանի կարծիքով՝ Վարուժան Մկրտչյանը փաստորեն գործիք է դարձել Արմեն Թավադյանի ձերբակալման համար, որի դեմ այսպիսի միջոց ընտրվել է միայն այն պատճառով, որ նա Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցն է, քանի որ մեղադրանքից այդպես էլ պարզ չդարձավ, թե կոնկրետ ինչ գործողությունների համար են նրան ձերբակալում։ «Այսօր, փաստորեն, Հատուկ քննչական ծառայությունը կամ դատարանը ցանկացած ցուցմունք հօգուտ Հայաստանի երկրորդ նախագահի մեկնաբանում է որպես կեղծ»,- եզրափակել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Վերջինը ձերբակալվել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «կողմնակից» Վարուժան Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործով: Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (վկային կամ տուժողին կաշառելը՝ կեղծ ցուցմունք տալու նպատակով, կատարված կազմակերպված խմբի կողմից): Ոստիկանության տեղեկություններով՝ Վարուժան Մկրտչյանն իր գրասենյակ է կանչել մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժածներից մեկին եւ առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, ցուցմունքներից եւ դատական նիստերին չներկայանալ՝ հայտարարելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետությունը պետք է տրամադրի որպես դրամական փոխհատուցում: