Մեզ համար ավարտվում է գործող իշխանությանն աջակցելու փուլը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը։
«Մեր նպատակն է ստեղծել ազգային ժողովրդավարական բեւեռ եւ ավարտին հասցնել հեղափոխությունը: Ամփոփելով 2019 թվականը, ափսոսանքով ստիպված ենք փաստել, որ հեղափոխությունը, կամ ավելի ստույգ, համակարգային փոփոխությունների գործընթացը ձախողման եզրին է:
Հայաստանը՝ Արցախը ներառյալ, մնում է համակարգային ճգնաժամի մեջ: Ճգնաժամը շարունակվում է պետության որպես համակարգի, բոլոր 4 հիմնական բաղադրիչների՝ պետական, արտաքին հարաբերությունների, սոցիալ տնտեսական եւ սոցիալ մշակութային մասով, ճգնաժամի համալիր բացասական ազդեցության պատճառով աղետալի ընթացքի մեջ են մնում Արցախի խնդիրը, արտաքին անվտանգությունը, ժողովրդագրությունը, արդարությունը, շրջակա միջավայրը»,-ասաց նա:
Ավետիսյանը նշեց, որ այլեւս ակնհայտ է, որ գործող իշխանությունը չունի համակարգային փոփոխություններկատարելու բավարար կամք եւ կարողություն:
«Պետության ղեկն ստանձնելու օրվանից գործող իշխանությունը անտեսել կամ զրոյացրել է մեր և այլ ուժերի բոլոր առաջարկությունները։
Ժամանակն է, որ սեւերի հետ համեմատության մեջ իր համար հարմարավետության զոնա ստեղծած եւ իրեն որպես սպիտակ երեւակայող իշխանությունն ունենա իրական այլընտրանք եւ հակակշիռ, իրական սպիտակների բեւեռ:
Նման բեւեռի ձեւավորումը մենք պատկերացնում ենք ազգային ժողովրդավարական ուժերի եւ գործիչների հնարավորինս լայն համախմբմամբ: Այդ բեւեռի խնդիրը պետք է դառնա համակարգային փոփոխություններն անշրջելի հունի մեջ դնելը:
Արտահերթ ընտրություններին պետք է նախորդի հեղափոխական ուժերից կազմված ազգային համաձայնության կառավարության իշխանությամբ անցումային ծրագրով կոշտ կառավարման շրջանը
Մեզ համար ավարտվում է գործող իշխանությանն աջակցողի դերում հանդես գալու փուլը: Մենք 2020 թվական ենք մտնում որպես արմատական ընդդիմություն»,-ընդգծեց նա:




























