Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շարունակում է պայքարել 45 կիլոմետրանոց «Ստամբուլի ջրանցքի» կառուցման համար՝ չնայած հարյուրավոր քաղաքացիների եւ նոր քաղաքապետի դիմադրությանը, հաղորդում է Reuters-ը:

Անցած տարի Թուրքիան փաստացի դադարեցրել է ծրագիրը, որի արժեքը գնահատվում է 75 մլրդ լիրա (12,6 մլրդ դոլար), քանի որ տնտեսությունը գտնվում է ռեցեսիայի վիճակում: Սակայն վերջերս Էրդողանը կրկին հայտարարել է այդ ծրագրի առաջնահերթության մասին՝ անհանգստություն առաջացնելով բնապահպանների եւ ճարտարապետների շրջանում:

400 մ լայնությամբ ջրանցքը միացնում է Սեւ ծովը հյուսիսում Մարմարի ծովի հետ, որը թափվում է Միջերկրական ծով: Դա կթեթեւացնի Թուրքիայի խոշորագույն քաղաքը հատող Բոսֆորի նեղուցի վրա երթեւեկությունը: 

Էրդողանն ասում է, որ ջրանցքն անհրաժեշտ է Բոսֆորի վրա երթեւեկությունը թեթեւացնելու, պատմական կառույցը պահպանելու համար՝ այն անվանելով «էկոլոգիական փրկություն»:

Վերջին 2 օրվա ընթացքում Ստամբուլի հարյուրավոր բնակիչներ, որոնք դեմ են այդ խոշոր ծրագրին, խնդրագիր են ստորագրել: Նրանց խոսքով՝ ծրագիրը վնաս է հասցնում քաղաքի շրջակա միջավայրին: