Գերմանիայից Հայաստան է ժամանել Հայդելբերգի համալսարանի հիվանդանոցի Իոնային ճառագայթային թերապիայի կենտրոնի գիտատեխնիկական գծով տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Թոմաս Հաբերերը: Նրա այցի նպատակն է հայաստանյան գործընկերների` ֆիզիկայի եւ առողջապահության ոլորտի մասնագետների հետ կիսել միջուկային բժշկության ոլորտի համաշխարհային փորձը եւ կիրառությունը:
Հանդիպման ընթացքում դոկտոր Հաբերերը հանդես է եկել «Իոնային ճառագայթների թերապիայի կենտրոն. նոր չափանիշ ուռուցքաբուժության մեջ» թեմայով ելույթով: Հանդիպման կազմակերպիչներն են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը եւ Ա.Ի. Ալիխանյանի անվ. ազգային գիտական լաբորատորիան:
«Պրոֆեսորի այցը Հայաստան կարեւոր է մի քանի պատճառով: Նախ մենք նման հանդիպումների միջոցով փորձում ենք համագործակցության հիմքեր ստեղծել` քաղցկեղի բուժման առաջատար տեխնոլոգիաների եւ փորձի կիրառության համար: Նաեւ այսպիսի համագործակցությունների արդյունքում մենք Հայաստանում գրանցված որոշ հիվանդների կարող ենք ուղղորդել մեր արտասահմանյան գործընկերների կլինիկաներ` առավել առաջատար եւ Հայաստանում գոյություն չունեցող բուժման հնարավորություններից օգտվելու համար»,-ասել է Մրցունակության հիմնադրամի Առողջապահական ծրագրի տնօրեն Էդվարդ Սաֆարյանը:
«Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնը զարգացման լայն հնարավորություններ է ստեղծում: Այն կխթանի ոչ միայն առողջապահության, այլ նաեւ հետազոտական ենթակառուցվածքի զարգացումը: Կենտրոնը Հայաստանի համար շատ հետաքրքիր եւ կարեւոր ներդրում է, քանի որ այդ ոլորտներն իսկապես զարգանալու տեղ ունեն»,- նշել է դոկտոր Հաբերերը:
«Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները` տարածաշրջանում միջուկային բժշկության ոլորտի առաջատարը լինելու համար»,- իր հերթին նշել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը:
Մասնակիցների թվում են Ռուսաստանի Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտի Ֆլյորովի անվ. միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական տնօրեն, ակադեմիկոս Յուրի Օգանեսյանը, ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ, ԱԳԼ կառավարման խորհրդակցական մարմնի ղեկավար Ներսես Երիցյանը, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը, ԱԳԼ տնօրեն, դոկտոր Աշոտ Չիլինգարյանը, ինչպես նաեւ ՀՀ ԳԱԱ գիտնականներ, ֆիզիկայի եւ առողջապահության ոլորտների մասնագետներ, կառավարության եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ եւ ուսանողներ:





























