ԱՄՆ ՌԾՈւ ավիակիրներից տախտակամածային ավիացիայի զորավարժանքների անցկացման համար մինչեւ 2024 թվականը Տոկիոյի միջոցներով օդանավակայան եւ այլ օբյեկտներ կկառուցվեն անմարդաբնակ Մագե կղզում (Ճապոնիայի հարավ-արեւմուտք, Կագոսիմա պրեֆեկտուրա)։ Այս մասին տեղեկացրել է Yomiuri shimbun թերթը՝ հղում կատարելով կառավարական աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Օբյեկտի շինարարությունը, ըստ տվյալների, կսկսվի 2022 թվականին, իսկ ավիացիայի զորավարժությունները նախատեսվում է սկսել 2025 թվականից։
Դեկտեմբերի սկզբին Տոկիոն հայտարարել էր, որ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը պայմանավորվել է 16 մլրդ իենով (մոտ 146 մլն դոլար) գնել անմարդաբնակ Մագե կղզին, որը մինչ այդ պատկանում էր մասնավոր մի ընկերության Տոկիոյից։
Ավիացիայի զորավարժությունները, որոնց ընթացքում կկատարվեն ինքնաթիռների թռիչք-վայրէջքներ ավիակիրների տախտակամածին, ուղեկցվում են աղմուկով եւ Ճապոնիայում առաջ են բերում բնակչության եւ տեղական ինքնակառավարման մարմինների բողոքները։ Այդ պատճառով դրանք Ացուգի բազայից տեղափոխվել են Տոկիոյից հարավ-արեւմուտք, համարյա անմարդաբնակ Իվոձիմա կղզի։ Սակայն այն Տոկիոյից հեռու է ավելի քան 1200 կիոմետր։
Արդյունքում՝ դեռեւս 2011 թվականին երկու երկրների զինվորականները որոշել են մշակել Մագե կղզում, 8 քառակուսի կիլոմետր մակերեսի վրա, օդանավակայան կառուցելու հարցը։ Այն գտնվում է ճապոնական գլխավոր Հոնսյու կղզում, ԱՄՆ Իվակունիի ծովային հետեւակի ավիաբազայից 400 կիլոմետր հեռավորության վրա, այստեղ այժմ տեղափոխվել է ամերիկյան տախտակամածային ավիացիայի մոտ 60 օդանավ։ Մագեի օբյեկտը համատեղ կօգտագործվի ԱՄՆ եւ Ճապոնիայի զինված ուժերի կողմից։





























