Արցախի հարցում կա առաջընթաց, թե մեր բանակում, թե սահմանների հետ կապված, թե մեր զինտեխնիկայի, սպառազինության փոփոխությունների հետ կապված: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը:
«Իհարկե, դա քիչ է, մենք միշտ պետք է ձգտենք մեր հնարավորության սահմաններում կարողանանք բանակը զինենք, ավելի նոր զինատեսակներով համալրենք, որովհետեւ մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի: Մեր գերխնդիրը մեր համախմբվածությունն է, որովհետեւ պատմությունից էլ գիտենք, որ երբ համախմբվել ենք, հաղթանակ ենք տարել»,-ասաց նա՝ հիշատակելով սպարապետ Վազգեն Սարգսյանի դերը եւ նշելով, որ եթե չլիներ նա, 1915 թվականի ցեղասպանությունը կարող էր կրկնվել:
Նա անդրադարձավ նաեւ ՀՀ վարչապետի հայտնի հայտարարությանը, թե Արցախը Հայաստան է եւ վերջ. «Նիկոլ Փաշինյանի ասածը շատ խելոք քաղաքական քայլ է, որովհետեւ Ադրբեջանը երբեւիցե չի ասել, որ Արցախի հարցում գնում ենք բանակցային փուլի: Այսինքն ինքը մեսիջ է ուղարկել Ադրբեջանի նախագահին, որ եթե պետք է գնալ փոխզիջումների, իրենք էլ պետք է քայլ անեն: բայց էսքան ժամանակ դուք նկատե՞լ եք, որ թեկուզ Ալիեւի քարտուղարուհու կարգի մարդ ասի՝ մենք պետք է գնանք բանակցությունների: Իրենք ասում են՝ Արցախը մերն է, Հայաստանի Հանրապետությունը մերն է: Նիկոլ Փաշինյանի ասածի տողատակը պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում: Ինքը ոչ թե ասել է Արցախը Հայաստանի Հանրապետություն է եւ վերջ, այլ մեսիջ է տվել Ադրբեջանի նախագահին, որ զենքով կամ պատերազմով մեզ չես կարա հաղթես»,-ասաց Սասուն Միքայելյանը:
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի հայտարարությանը, թե Արցախի խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար, Սասուն Միքայելյանն ասաց. «Սա էլի խելոք քայլ է: Փաշինյանը Ադրբեջանի ժողովրդին էլ է կոչ անում: Ոչ ոք չէր սպասում, որ Հայաստանում կարող է իշխանափոխություն լինել: Ալիեւը սարսափում է դրանից: Փաշինյանը կոչ է անում, որ Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի ժողովուրդները պետք է ինչ-որ համաձայնության գան: Հետագայում եթե պետք է բանակցային ինչ-որ փուլ մտնենք, ժողովուրդը պետք է համաձայնություն տա թե Հայաստանում, թե Արցախում, թե Ադրբեջանում: Դրա համար էլ նման մեսիջ է ուղարկում»:
Նա անդրադարձավ նաեւ հանրաքվեի խնդրին՝ նշելով, որ Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում էլ կա հանրաքվեի պահը. «Ժամանակը ցույց կտա, բայց հանրաքվեի պահը չպետք է անտեսել: Ես որպես զինվոր դեմ եմ էդպիսի բաներին, բայց երկրի ղեկավարը քաղաքականապես ավելի լավ է հասկանում եւ նման առաջարկ է անում»:











