ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ուզում Իրանի հետ զինված պայքարի մեջ մտնել։ Այս մասին նա Ֆլորիդայում հայտնել է լրագրողներին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Ուզում եմ արդյոք ես դա՞։ Ես ուզում եմ, որ խաղաղություն լինի։ Ես խաղաղություն եմ սիրում։ Իրանը, ավելի քան որեւէ մեկը, պետք է ձգտի խաղաղության»,- ասել է նա։
Երեքշաբթի օրը Թրամփն Իրանին սպառնացել էր լուրջ հետեւանքներով, եթե ինչ-որ բան տեղի ունենա Իրաքում ամերիկյան դեսպանության հետ։
Դեկտեմբերի 31-ին դիվանագիտական ներկայացուցչության առջեւ սկսվել էր բողոքի ցույց՝ ընդդեմ Սիրիայի հետ սահմանակից Էլ Կաիմ քաղաքում շիական «Քաթաիբ Հըզբոլլահ» խմբավորման վրա ԱՄՆ ՌՕ ուժերի գրոհի։ Հարձակման հետեւանքով զոհվել էր 25 մարդ, առնվազն 50 զինյալներ վնասվածքներ էին ստացել։ Դեսպանության պահակախումբը եւ իրաքյան ոստիկանությունհը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ էին կիրառել եւ մի քանի նախազգուշական կրակոցներ էին կատարել, որոնց հետեւանքով տուժել էր 20 մարդ։




























