Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում այսօր` ապրիլի 13-ին տեղի է ունեցել սպանություն:

Ինչպես NEWS.am-ին Գավառից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11:45-ի սահմաններում Էդուարդ Սարգսյանը ոստիկանության Գավառի բաժին հաղորդում է ներկայացրել, որ ժամը 9:30-ի սահմաններում այցելել է հորաքրոջ տուն, որտեղ տան մուտքի մոտ տեսել է հորաքրոջը` Գավառ քաղաքի Նալբանդյան փողոցի 25 տան բնակչուհի, 59-ամյա Արշալույս Սարգսյանին` մահացած վիճակում:

Այս պահին դեպքի վայրում են գտնվում ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ-քննչական խումբը` վարչության պետ, գնդապետ Մանվել Շահինյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, գնդապետ Արշակ Կարապետյանի գլխավորությամբ: Սպանության վայրում են նաեւ Գավառի ոստիկանապետ Մուխսիկարոյանը, քննիչ Աբրահամյանը, Գեղարքունիքի դատախազ Վահրամ Մարգարյանը: Նշված հասցե են ժամանել դատաբժիշկն ու փորձաքրեագետը:

Դիակի արտաքին զննությամբ դատաբժիշկը գլխի շրջանում հայտնաբերել է բութ գործիքից ստացված վնասվածքներ, որոնք, ըստ դատաբժշկի նախնական եզրակացության, հանդիսացել են մահվան պատճառ: Դիակն արդեն տեղափոխվել է Գավառի դիահերձարան:

Այս պահին օպերատիվ-խումբն աշխատանքներ է կատարում: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության գեղարքունիքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի