Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 13-ին Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Լյուբլյանա:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դանիլո Թյիրկի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Բանակցությունների արդյունքներն ամփոփվել են Հայաստանի եւ Սլովենիայի նախագահների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Լրատվամիջոցների հետ հանդիպումից հետո, երկու երկրների նախագահների ներկայությամբ կայացել է փաստաթղթերի ստորագրման արարողություն: Մասնավորապես, Հայաստանի եւ Սլովենիայի ԱԳՆ-ների միջեւ ստորագրվել է եվրոպական ինտեգրման վերաբերյալ համագործակցության մասին արձանագրություն, իսկ երկու երկրների էկոնոմիկայի նախարարությունների միջեւ` զբոսաշրջության բնագավառում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: