Ռուսաստանի նախագահն էլ, վարչապետն էլ հնարավոր է իրենց թեկնածություններն առաջադրեն առաջիկա նախագահական ընտրություններին։ Ինչպես տեղեկացնում է NEWSru.com-ը, այս մասին այսօր` ապրիլի 13-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը։

«Ո’չ ես, ո’չ էլ Դմիտրի Անատոլեւիչը չենք բացառում, որ մեզնից յուրաքանչյուրը կարող է առաջադրել իր թեկնածությունը։ Ինձ եւ Դմիտրի Մեդվեդեւին վերջին տարիներին այս հարցը հարյուր անգամ տվել են, եւ մենք սովորել ենք դրան նույնանման պատասխանել։ Ընտրություններին դեռ մեկ տարի կա, եւ դրա շուրջ ստեղծված այս խառնաշփոթը չի նպաստում բնականոն աշխատանքի կազմակերպմանը։ Եթե մենք այժմ ոչ ճիշտ ազդակներ տանք, ապա աշխատակազմի կեսը եւ կեսից ավելին՝ փոփոխությունների սպասելով կդադարեն աշխատել։ Իսկ այժմ բոլորն իրենց հատկացված տեղում պետք է աշխատեն, Սուրբ Ֆրանցիսկոյի նման «քրտինք թափեն» իրենց հողակտորի վրա»,- ասել է Պուտինը։

Նա նշել է, որ թեկնածության առաջադրման որոշումը կպայմանավորվի նախընտրական շրջանում տնտեսական, քաղաքական եւ հասարակական ընթացիկ իրավիճակով։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը օրերս Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել էր,որ մտածում է նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու ուղղությամբ, եւ շուտով կհայտարարի այդ մասին։