Սեռական բնույթի ոտնձգությունների վերաբերյալ նոր օրինագիծը Ազգային ժողովում քննարկման կդրվի հաջորդ քառօրյայում։ Այս մասին ապրիլի 13-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնեց Թրաֆիքինգի դեմ պայքարի աջակցման կենտրոնի իրավաբան Դավիթ Թումասյանը՝ ավելացնելով, որ նախագիծն ավելի խիստ պատիժ է սահմանում հանցագործների համար։
Նրա խոսքով՝ կխստացվեն Հայաստանի քրեական օրենսգրքի 140, 141, 142 հոդվածների համապատասխան կետերը, ինչպես նաեւ լրացումներ կլինեն 138, 139՝ ծանրացուցիչ հանգամանքներում բռնաբարության հոդվածներում։ Փոփոխությունների կենթարկվեն նաեւ հղի կանանց եւ 14 տարեկանը չբոլորած, մանկական ուղղիչ հիմնարկներում, երեխաների, զինվորների նկատմամբ սեռական ոտնձգությունների վերաբերյալ հոդվածները, ինչպես նաեւ արյունապղծության վերաբերյալ հոդվածները։
«Ներկայումս բռնաբարության համար առավելագույն պատիժ է սահմանված 15 տարին։ Փոփոխությունից հետո առավելագույն պատիժը կլինի մինչեւ 20 տարին»,- ասաց իրավաբանը՝ ավելացնելով, որ նոր օրինագիծը բացառում է սեռական ոտնձգության դիմաց դրամական փոխհատուցումը:
Հիշեցնենք, որ ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը այս խնդրին անդրադառնալով հիշատակել էր նաեւ հանցագործներին ամորձատելու հնարավորությունը:





























