Եվրոպական ուղին որդեգրած Ադրբեջանը սպառնում է հարվածել հայկական քաղաքացիական օդանավերին, ամենօրյա ռազմատենչ քարոզչություն է իրականացնում եւ սպառնում ղարաբաղյան հարցը լուծել պատերազմով, իսկ Թուրքիան, որը եւս Եվրամիություն է ձգտում, չի ցանկանում բացել Հայաստանի հետ սահմանը, թեեւ ստանձնել է միջազգային պարտավորություն։ Այս մասին ապրիլի 13-ին Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Արդյոք անտեղյա՞կ են մեր հարեւանները, որ Եվրոպայի արժեհամակարգի առանցքն ազատ տեղաշարժն է»,- նշել է Հայաստանի նախագահն, ընդգծելով, որ տարածաշրջանային եւ ոչ մի զարգացում ի զորու չէ հետ պահել մեզ մեր ընտրած ուղուց։
«Հայաստանը հաստատակամ է ընդլայնել համագործակցությունը Եվրոպական միության ու նրա անդամ երկրների հետ, հատկապես` Արեւելյան գործընկերության շրջանակներում»,- ասել է նա:
Ըստ Սարգսյանի՝ ասվածի ապացույցն է երկու երկրների արտգործնախարարների այսօր ստորագրվելիք եվրաինտեգրման ոլորտում համագործակցության մասին արձանագրությունը։





























