EastMed գազատարի կառուցման մասին միջազգային համաձայնագիր է ստորագրվել հինգշաբթի Աթենքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
Համաձայնագիրը ստորագրել են Հունաստանի, Իսրայելի եւ Կիպրոսի էներգետիկայի նախարարները Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտաքիսի, Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի եւ Կիպրոսի նախագահ Նիքոս Անաստասիադիսի ներկայությամբ։ Համաձայնագիրը ստորագրելու գործընթացն կավարտվի Իտալիայի ստորագրությամբ, որի ամսաթիվը դեռ հայտնի չէ։
Արարողությունն անցկացվել է Զափոն Պալատում, որին հրավիրվել էին նաեւ Հունաստանի էներգետիկայի նախկին նախարարները, որոնք իրենց ներդրումն են ունեցել համաձայնագիրը նախապատրաստելու գործում։
Համաձայնագրի ստորագրման փաստը ողջունել են ծափահարություններով։
EastMed Արեւելյան Միջերկրական ծովի գազատարը նախատեսված է իսրայելյան «Լեւիաֆան» եւ կիպրական «Աֆրոդիտա» տեղանքից դեպի կոնտինենտալ Եվրոպա գազ մատակարարելու համար։ EastMed-ը կկապի Հունաստանին, Կիպրոսին եւ Իսրայելին Եվրոպայի հարավի հետ, դրա երկարությունը կկազմի 1.9 հազար կիլոմետր, իսկ շինարարության մեջ ներդրումները գնահատվում են 6 միլիարդ եվրոյի չափով։ Նախագծային հզորությունը կկազմի 10 միլիարդ գազի խորանարդ մետր տարեկան։ Արդյունքում հնարավոր է այն հասցնել տարեկան 20 միլիարդ խորանարդ մետրի։





























