Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանն ապրիլի 12-ին հանդիպել է Իրանի իսլամական կողմնորոշման եւ մշակույթի նախարար Մոհամադ Հոսեյնիի հետ եւ խոսել առաջիկայում նախատեսված մի շարք մշակութային միջոցառումների մասին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել, մասնավորապես 2012 թվականին ընդառաջ Երեւանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն նվիրված համատեղ միջոցառումների շարքում Թեհրանի գրքի միջազգային ամենամյա ցուցահանդեսին Հայաստանի ակտիվ մասնակցությանը, ինչպես նաեւ այս տարի ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ Թեհրանում ՀՀ մշակույթի օրերի անկացմանը եւ դրանց շրջանակներում երկկողմ մշակութային համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը:
Իր հերթին պրն Հոսեյնին նշել է, որ երկու երկրների միջեւ ձեւավորված սերտ հարաբերությունները մեծ հնարավորություններ են ընձեռել երկու երկրների ժողովուրդների մշակութային առնչություների խորացման համար, որոնց ձեւավորումն ունի հազարամյակների պատմություն` կարեւորելով այս տարի հոկտեմբերին Երեւանում Իրանի մշակույթի օրերի անցկացումը:
Վերջինս շեշտել է, որ Իրանի մշակույթի եւ Իսլամական կողմնորոշման նախարարությունը տարիների ընթացքում թե՛ Երեւանում Իրանի դեսպանության համապատասխան կենտրոնի եւ թե՛ Թեհրանում ՀՀ դեսպանության հնարավորությունների օգտագործմամբ կարողացել է բավականին լուրջ աշխատանք ծավալել մշակութային հարաբերություններն ամուր հիմքերի վրա դնելու համար:





























