Եվրոպայի Խորհուրդն անհանգստացած է Ստեփանակերտի ուղղությամբ թռչող  քաղաքացիական օդանավերի նկատմամբ Ադրբեջանի սպառնալիքների կապակցությամբ։ Այս մասին ապրիլի 13-ին ԵԽԽՎ-ի ամբիոնից հայտարարել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգը։ Նա անդրադարձել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի այն հարցին, որ ԵԽ-ն մինչ այժմ չի արձագանքել քաղաքացիական չվերթները խոցելու Ադրբեջանի ահաբեկչական հայտարարություններին։

«Եվրոպայի Խորհուրդը անհանգստացած է նման հայտարարությունների կապակցությամբ, եւ ընդհանրապես անհանգստացած է ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակով։ Մենք կարծում ենք, որ հակամարտությանը պետք է քաղաքական լուծում տրվի, բայց այս հարցում չենք ցանկանում ԵԱՀԿ Մինսկի խմբին մրցակից լինել»,- հայտարարել է Համերբերգը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի աշխատակազմի տնօրեն Արիֆ Մամեդովը հայտարարել է, որ Ադրբեջանը մտադիր է ոչնչացնել Ստեփանակերտ վայրէջք կատարող քաղաքացիական օդանավերը։