Թուրքական օրինագիծը, որը թույլ է տալիս զորքեր տեղակայել Լիբիայում, կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի վտանգավոր թեժացման հյուսիսաֆրիկյան երկրում եւ լրջորեն սպառնում է տարածաշրջանի կայունությանը, ասվում է Հունաստանի, Իսրայելի եւ Կիպրոսի համատեղ հայտարարությունում, տեղեկացնում է Reuters-ը։

«Այդ որոշումը ՄԱԿ ԱԽ բանաձեւի, Լիբիային զենքի մատակարարման էմբարգոյի կոպիտ խախտում է եւ լրջորեն վնասում է միջազգային հանրության ջանքերին՝ գտնելու լիբիական հակամարտության խաղաղ քաղաքական կարգավորում»,- ասել են Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն եւ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը։

Երեք երկրները նաեւ կոչ են արել Թուրքիային ձեռնպահ մնալ Լիբիա զորքեր ուղարկելուց, քանի որ դա կխախտի Լիբիայի ազգային ինքնիշխանությունն ու անկախությունը։

Թուրքիայի խորհրդարանը նախօրեին ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Լիբիայում զորքերի տեղակայումը թույլատրող օրինագծին։

Թուրքիայի այս քայլը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Անկարան եւ Լիբիայի միջազգայնորեն ճանաչված կառավարության վարչապետ Ֆաեզ ալ Սարաջը նոյեմբերին ստորագրել են երկու առանձին համաձայնագրեր՝ մեկը անվտանգության եւ ռազմական համագործակցության, մյուսը՝ արեւելյան Միջերկրածովում ծովային սահմանների մասին, ինչը զայրացրել է Հունաստանին, Իսրայելին, Եգիպտոսին եւ Կիպրոսին։