Հայ-սլովենական փոխհարաբերությունների միջակայքն աստիճանաբար ընդլայնվում է` ներառելով քաղաքական, տնտեսական, մշակութային համագործակցության տարրեր: Այս մասին այսօր` ապրիլի 13-ին հայտարարել է պաշտոնական այցով Սլովենիայում գտնվող Սերժ Սարգսյանը` այդ երկրի Ազգային ժողովի նախագահ Պավել Գանտարի հետ հանդիպման ժամանակ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ դեռեւս շատ անելիք կա միջխորհրդարանական կապերի զարգացման ուղղությամբ: Խորհրդարանական կապերը, լինելով միջպետական հարաբերությունների անփոխարինելի բաղադրիչը, ըստ նախագահ Սարգսյանի, կարող են էապես նպաստել երկու երկրների քաղաքական երկխոսության ակտիվացմանը: Սերժ Սարգսյանը կարեւորել է Հայաստանի եւ Սլովենիայի խորհրդարաններում պատգամավորական բարեկամության խմբերի ստեղծումը եւ պարբերական փոխայցերի կազմակերպումը:
Միջխորհրդարանական համագործակցության համատեքստում, ՀՀ նախագահն առանձնակի կարեւորել է միջազգային կառույցների խորհրդարանական հարթակներում երկու երկրների պատվիրակությունների փոխշահավետ եւ արդյունավետ գործակցությունը:
Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաեւ վարչապետ Բորուտ Պախորի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրներում իրականացվող տնտեսական բարեփոխումների ընթացքին, համաշխարհային տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ իրականացված քայլերին` կարեւորելով փորձի փոխանակումը:
Հանրապետության ղեկավարի պաշտոնական այցի առաջին օրն ավարտվել է Լյուբլյանայի քաղաքապետ Զորան Յանկովիչի հետ հանդիպմամբ: Նախագահ Սարգսյանը հանդիպումից հետո քաղաքապետի ուղեկցությամբ շրջել է Լյուբլյանայում, ծանոթացել Սլովենիայի մայրաքաղաքի տեսարժան վայրերին:





























