ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով Բաղդադում իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո մերձավորարեւելյան տարածաշրջանում իրադրության սրման ֆոնին բունդեսվերը կդադարեցնի քրդական ռազմական կազմավորումների մարտիկների եւ Բաղդադի կենտրոնական կառավարության զինվորների ուսուցումը, հայտնում է dpa գործակալությունը:

Այս որոշումն ընդունվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի միջազգային կոալիցիայի շտաբում հանուն սեփական ուժերի անվտանգության ապահովման, որի կատարումը պարտադիր է կոալիցիայի բոլոր գործընկերների կողմից, նշված է հաղորդագրության մեջ: «Այսպիսով, իրաքցի զինվորականների ուսուցումը կդադարեցվի Իրաքի ամբողջ տարածքում»,- նշված է փաստաթղթում:

Ավելի վաղ անվտանգության ուժեղացված միջոցներ էին ձեռնարկվել Իրաքի կենտրոնական հատվածում: ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիան այնտեղ ցամաքով եւ օդով տեղաշարժվելու սահմանափակումներ էր մտցրել:

Ներկայումս ԻՊ-ի դեմ միջազգային գործողությունների մեջ ներգրավված զինվորականների խմբում Գերմանիայի զորակազմը, dpa գործակալության տեղեկություններով, կազմում է 415 մարդ: Նրանցից 280-ը տեղակայված է Հորդանանում, որտեղից իրականացվում է զորակազմի գործողությունների ղեկավարումը: Բունդեսվերի եւս 90 զինվոր ծառայում է Իրաքի հյուսիսում՝ գերազանցապես քրդերով բնակեցված շրջանում: Դրանից բացի, բունդեսվերի 27 զինվոր Բաղդադից 30 կմ հյուսիս տեղակայված Թաջի ռազմական համալիրում զբաղված է իրաքցի զինվորականների ուսուցմամբ: