ԱՄՆ-ը այժմ ավելի մոտ է Իրանի հետ պատերազմին, քան վերջին 40 տարիներին։ Այս մասին, խոսելով իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության մասին, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար եւ ԿՀՎ նախկին տնօրեն Լեոն Պանետան։

CNN-ին տված հարցազրույցում Պանետան Սոլեյմանիին անվանել է «վատ դերասան», որի մահը «պետք չէ ողբալ»։ Նա նաեւ բացատրել է, թե ինչու Օբամայի օրոք այդ գեներալի անունը չկար ուղիղ թիրախների ցուցակում, որտեղ ընդգրկված էր «Ալ Քաիդա»-ի ղեկավար Ուսամա Բեն Լադենը։

«Ես կարծում եմ՝ պատճառն այն է, որ նա գեներալ էր Իրանում, եւ Իրանի ղեկավարության ու մյուս գեներալների հետ ներգրավված էր այն ծրագրերում, որ իրականացնում էր Իրանը»,- ասել է Պանետան։ «Այդ պատճառով բարդ էր ընտրել եւ մահապատժի ենթարկել մի գեներալի, երբ դուք գործ ունեք ամբողջ երկրի հետ, որը սպառնում է ԱՄՆ-ին։ Սա այն է, ինչի վրա պետք է կենտրոնանար Միացյալ Նահանգները՝ սպառնալիքը Իրանի կողմից է, ոչ թե մեկ կոնկրետ մարդու կողմից»,- հավելել է նա։