Լիբիայի միջազգայնորեն ճանաչված խորհրդարանը քվեարկել է Ֆաիզ Սարաջի Ազգային համաձայնության կառավարության եւ Թուրքայի միջեւ կնքված ռազմական համագործակցության համաձայնագրի չեղարկման օգտին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Al Arabiya հեռուստաալիքին։

Ներկայացուցիչների պալատի (խորհրդարան) պատգամավորները շաբաթ օրը Տրիպոլիի եւ Անկարայի ռազմական փոխգործակցության հարցով արտակարգ նիստ են անցկացրել։

Խորհրդարանի որոշման համաձայն, հուշագիրը, որ 2016թ․ նոյեմբերի վերջին ստորագրվել էր Սարաջի եւ Էրդողանի կողմից, արգելվում է հրապարակել պաշտոնական մամուլում։Բացի այդ, պատգամավորները մտադիր են դիմել երկրի գլխավոր դատախազությանը՝ ԱՀԿ ղեկավարին պետական դավաճանության համար դատապարտելու հայցով։ Խորհրդարանը մտադիր է նաեւ հայց ուղարկել ՄԱԿ ԱԽ՝ պահանջելով Լիբիայի տարածք Թուրքիայի հնարավոր ներխուժման հարցով արտակարգ նիստ հրավիրել։

Ներկայում Լիբիայում զուգահեռ գոյություն ունեն գործադիր իշխանության երկու մարմիններ՝ Ֆաիզ Սարաջի միջազգայնորեն ճանաչված ԱՀԿ-ն եւ Աբդալա Աբդուռահման աթ Թանիի ժամանակավոր կառավարությունը, որը գործում է երկրի արեւելքում՝ խորհրդարանի հետ համատեղ, եւ աջակցվում է ու ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի Լիբիական ազգային բանակի կողմից։

Նշված համաձայնագիրը հավանության էր արժանացել Թուրքիայի խորհրդարանի եւ նախագահի կողմից, իսկ հունվարի 2-ին թուրք պատգամավորները հավանություն էին տվել օրենքի նախագծին, որով նախատեսվում է Լիբիա զորք ուղարկելու հնարավորությունը։