Ձերբակալվել է 16-ամյա Սերժ Հարությունյանը, ում իրավապահները կասկածում են իր չորս համադասարանցիներին սպանելու փորձ կատարելու մեջ, հայտնում է Lenta.ru-ն: Դպրոցականը կալանքի տակ է մնալու երկու ամիս:

Քննիչների տվյալներով` ապրիլի 11-ին, Մոսկվայի թիվ 356 դպրոցի աշակերտ Հարությունյանը, դանակով հարձակվել է համադասարանցիների վրա, երբ նրանք գտնվել են իր բնակարանում: Ներկայում չորսն էլ գտնվում են հիվանդանոցում, նրանցից երկուսը` վերակենդանացման բաժանմունքում:

Կասկածյալի զոհ են դարձել երեք երիտասարդ եւ մեկ աղջիկ: Դպրոցականների վրա հարձակումը տեղի է ունեցել Հարությունյանի ծննդյան օրը. 10 համադասարանցիների հետ նա այդ օրը նշել է իր բնակարանում:

Տուժած աղջիկը որոշել է դանակով նարինջ մաքրող կասակածյալին ցույց տալ մարտարվեստի իր ունակությունները: Արդյունքում դա վերածվել է կռվի: Հարությունյանը վնասվածք է հասցրել աղջկա աչքին, ինչպես նաեւ սուր- կտրող  բազմաթիվ վնասվածքներ հասցրել 13-ամյա անչափահասին: Եվս երկու տուժած ծանր վիճակում են: Բժիշկները հեռացրել են նրանցից մեկի երիկամը, մյուսի սիրտն է վնասված:

Համադասարանցիների վրա հարձակումից հետո Հարությունյանը փորձել է դուրս թռչել 11-րդ հարկից, սակայն նրան այդ քայլից հետ են պահել վնասվածքներ չստացած հյուրերը: Կասկածյալը հրաժարվել է ցուցմունք տալուց եւ չի ընդունել իր մեղքը: