Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի օդանավակայանի մերձակայքում երկու հզոր պայթյուն է որոտացել։ Ինչպես տեղեկացնում է BBC-ն, պայթյունների պատճառի մասին դեռեւս մանրամասներ չեն հաղորդվում։

Կարծիքներ կան, որ պայթյունները հնարավոր է Լիբիայում Մուամար Քադաֆիի վարչակարգի դեմ պատժիչ գործողություններ իրականացնող ՆԱՏՕ-ի զորքերի ավիառմբակոծման արդյունք են։ 

Նշենք, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների բարեհաճությունը վայելող Լիբիայի զինված ընդդիմությունը կոչ է արել ավելի հաճախակի պատժիչ գործողություններ իրականացնել Քադաֆիի ուժերի դեմ։ Նրանք, մասնավորապես խնդրել են, որպեսզի ՆԱՏՕ-ն ռազմաօդային աջակցություն ցուցաբերի ապստամբների զորքերին։  

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը մարտի 17-ին Լիբիայի օդային տարածքը թռիչքներից զուրկ գոտի ճանաչելու բանաձեւ է ընդունել, ինչն էլ հնարավորություն տվեց ՆԱՏՕ-ի անդամ երկրներին ռազմական գործողություններ սկսել Լիբիայի դեմ։ Կոալիցիոն ուժերում են Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Կանադայի, Բելգիայի, Իտալիայի, Իսպանիայի, Դանիայի, Նորվեգիայի զինված ուժերը։ Հետագայում ԱՄՆ-ը որոշեց հետ կանչել իր օդանավերը:

Լիբիայում փետրվարի 15-ից սկսված հակակառավարական ցույցերը վերածվեցին զինված ապստամբության ընդդեմ երկրի ղեկավար Մուամար Քադաֆիի։ Հյուսիսաֆրիկյան այս պետությունն այժմ փաստացի բաժանված է Քադաֆիի ենթակայության տակ գտնվող արեւմտյան եւ ընդդիմադիրների ենթակայության տակ գտնվող արեւելյան մասերի։