ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է սպանել իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիին՝ չնայած Պենտագոնի ու հետախուզության առարկությանն ու վեճերին, գրում է The New York Times թերթը։
«Քաոսային օրերի ընթացքում, որոնք հանգեցրին Իրանի ամենաազդեցիկ հրամանատարի՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի զոհվելուն, ամերիկացի բարձրաստիճան զինվորականները, նախագահ Թրամփին ներկայացված առաջարկների թվում առաջարկել էին նրա սպանության տարբերակը, որը դիտարկում էին որպես ամենածայրահեղ պատասխան վերջին բռնությանը, որը գլխավորում էր Իրանն Իրաքում»,- գրում է պարբերականը։
Ինչպես գրում է թերթը, այդ «ծայրահեղ» տարբերակն առաջարկած անձինք չէին կարծում, թե նախագահը կընդունի այն։
2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո պատերազմների ընթացքում Պենտագոնի ներկայացուցիչները հաճախ են նախագահներին առաջարկել «անհավանական» տարբերակներ, որպեսզի մյուս հնարավորությունները դրանց համեմատ ավելի գրավիչ թվան, գրում է թերթը։
«Դեկտեմբերի 28-ին Սոլեյմանիի սպանության տարբերակի նախնական մերժումից եւ Իրանի կողմից աջակցվող շիական աշխարհազորայինների խմբավորման ավիահարվածների հավանությունից մի քանի օր հետո պարոն Թրամփը նայել է հեռուստատեսային ռեպորտաժներ, որոնք ցուցադրում էին Իրանի կողմից աջակցվող հարձակումներն ամերիկյան դեսպանության վրա Բաղդադում»,- գրում է թերթը՝ հղում կատարելով Պենտագոնի եւ նախագահի աշխատակազմի աղբյուրներին։
Հինգշաբթի երեկոյան նախագահը որոշել է դիմել «ծայրահեղ» տարբերակին։ Պենտագոնի ներկայացուցիչները ցնցված էին։
Ինչպես նշել են պարբերականի աղբյուրները, Թրամփը այդ որոշումն ընդունել է՝ չնայած աշխատակազմում ընթացող վեճերին, թե, ըստ մի շարք անձանց, եղել է հետախուզության նոր տեղեկություն, որը նախազգուշացրել է ամերիկյան դեսպանություններին, հյուպատոսություններին եւ զինծառայողներին Սիրիայում, Լիբանանում եւ Իրաքում սպառնացող վտանգների մասին։
Այդ տեղեկության համաձայն՝ Սոլեյմանին ծրագրում էր «անխուսափելի» գրոհներ, որոնք կարող էին հարյուրավոր մարդկանց կյանք խլել։





























