Օմանի սուլթանությունը ամերիկյան հատուկ գործողության հետեւանքով իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի զոհվելուց հետո ԱՄՆ-ին եւ Իրանին կոչ է արել օգտագործել դիվանագիտական խողովակները տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու եւ իրավիճակը չսրելու համար, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով օմանյան պաշտոնական տեղեկատվական գործակալությանը։

«Սուլթանությունը մեծ ուշադրությամբ հետեւում է լարվածության վերջին տխուր սաստկացմանը։ Օմանը կոչ է անում երկու կողմերին գերադասել երկխոսության լեզուն եւ փնտրել դիվանագիտական միջոցներ վիճելի հարցերն այնպես լուծելու համար, որպեսզի դադարեցվի հակամարտությունը տարածաշրջանում»,- ասվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Սոլեյմանին սպանվել է ուրբաթ օրը՝ հունվարի 3-ին, Բաղդադի օդանվակայանի մոտ ԱՄՆ ՌՕՈւ ավիահարվածի հետեւանքով։ Սոլեյմանիից բացի սպանվել են «Ալ Հաշդ աշ Շաաբի»-ի հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ Մոհանդեսը եւ նրա մոտ տասը զինակիցներ։ Զոհվածները երկու մեքենայով դուրս էին եկել Բաղդադի օդանավակայանից։ ԻՀՊԿ-ն հաստատել է Իրաքում գեներալ Սոլեյմանիի սպանությունը։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին եռօրյա համազգային սուգ է հայտարարել Սոլեյմանիի սպանության առիթով՝ հայտարարելով, որ դաժան վրեժ է սպասվում նրանց, ում ձեռքերին է նրա, ինչպես եւ մյուս նահատակների արյունը։