Պակիստանի ավիացիայի նախարար Ղուլամ Սարվար Հանը դատապարտել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Լրագրողների հետ զրույցում Հանը մտահոգություն է հայտնել Պարսից ծոցում լարվածության առնչությամբ եւ հայտարարել, որ լարվածությունը լուրջ բարդություններ կստեղծի Պակիստանի համար:

Նա դատապարտել է Բաղդադում ԱՄՆ-ի գործողությունները, որոնց հետեւանքով սպանվել է Սոլեյմանին: Նա նշել է, որ այդպիսով տարածաշրջանի իրավիճակը սպառնալիքի տակ է գտնվում:

«Այս աշխարհում կան որոշ կանոններ: Մեծ նշանակություն ունեցող անձանց պաշտպանությունն այդ կանոններից մեկն է»,- նշել է Պակիստանի ավիացիայի նախարարը:

Հունվարի 3-ի գիշերը ԱՄՆ-ը Բաղդադի օդանավակայանի շրջանում գործողություններ է անցկացրել, որոնց հետեւանքով սպանվել են Ղասեմ Սոլեյմանին եւ Իրաքում շիական աշխարհազորայինների հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուխանդիսը, որոնց Վաշինգտոնում համարում են 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման կազմակերպիչներ:

Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Սոլեյմանիի սպանության համար: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Իրանում 52 թիրախների ուղղությամբ «արագ եւ ուժեղ հարված հասցնել», եթե հարձակման ենթարկվեն ամերիկացիները:

Միջազգային հանրությունն ԱՄՆ-ին եւ Իրանին զսպվածության կոչ է արել: