Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի առաջնորդները կոչ են արել բոլոր պետություններին խուսափել Իրաքում հակամարտության սրացումից եւ Իրանին խնդրել են ձեռնպահ մնալ տարածաշրջանում ցանկացած գործողություններից: Բացի այդ, պետությունների ղեկավարները Թեհրանին խնդրել են վերադառնալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով նախատեսված իր պարտավորությունների իրականացմանը, հաղորդում է DW-ը:

Այս մասին ասվում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի համատեղ հայտարարության մեջ:

Նրանք Իրաքի իշխանություններին կոչ են արել աջակցել միջազգային կոալիցիային:

Ավելի վաղ Բաղդադում կողմ են քվեարկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցով կոալիցիայի մասին համաձայնագրի խզման օգտին: Ըստ այդ որոշման՝ Իրաքում արտասահմանյան ռազմական ներկայությունը պետք է դադարեցվի: 

Եվրոպացի առաջնորդները հայտարարել են նաեւ, որ մտահոգված են տարածաշրջանում Իրանի բացասական դերով եւ դատապարտել են Իրաքում միջազգային կոալիցիայի հարվածները: 

Տարածաշրջանում իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ հունվարի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջանում հրթիռակոծության արդյունքում սպանվել է գեներալ Ղասեմ Սոլեյմանին: