Հարավաֆրիկյան հանրապետության իշխող կուսակցությունը՝ Աֆրիկյան ազգային կոնգրեսը, դատապարտել է Բաղդադում ԱՄՆ-ի ավիահարվածները, որոնց հետեւանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին, տեղի ունեցածն անվանելով «միջազգային ահաբեկչական ակտ», հաղորդում է Associated Press-ը:

Իր հայտարարության մեջ կուսակցությունը տեղի ունեցածը Իրանի ինքնիշխանության նկատմամբ ագրեսիա է անվանել եւ հակամարտող կողմերին զսպվածության կոչ արել:

Փոքր-ինչ ավելի զուսպ հայտարարություն է արել ՀԱՀ ԱԳՆ-ն՝ աջակցություն հայտնելով Իրանին եւ երկխոսության ու հանդարտության կոչ անելով: 

Հիշեցնենք, որ հունվարի 3-ի գիշերը ԱՄՆ-ը Բաղդադի օդանավակայանի շրջանում գործողություններ է անցկացրել, որոնց հետեւանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին եւ Իրաքում շիական աշխարհազորայինների հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուխանդիսը, որոնց Վաշինգտոնում համարում են 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման կազմակերպիչներ:

Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին եռօրյա սուգ է հայտարարել եւ ասել է, որ դաժան վրեժ է սպասվում նրանց, ում ձեռքերի վրա է Սոլեյմանիի եւ մյուս տառապյալների արյունը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Իրանում 52 թիրախների ուղղությամբ «արագ եւ ուժեղ հարված հասցնել», եթե հարձակման ենթարկվեն ամերիկացիները: