Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հատուկ ստորաբաժանման նոր հրամանատար, բրիգադային գեներալ Էսմայիլ Հանին հայտարարել է, որ Իրանը վրեժ կլուծի տառապյալների արյան համար, հաղորդում է Mehr-ը:

Նա հանդես է եկել նման հայտարարությամբ Թեհրանում «Կուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հուղարկավորության ժամանակ՝ նշելով, որ «թափված սրբազան արյան համար վրեժը կշարունակվի՝ հանուն դիմադրության»: 

«Մենք խոստացել ենք հետեւել տառապյալ գեներալ Սոլեյմանիի ուղուն, եւ Աստծո օգնությամբ կձեռնարկենք հսկայական քայլեր՝ տարածաշրջանում ԱՄՆ ներկայությունն արմատախիլ անելու համար»,- ասել է նա:

Հունվարի 3-ի գիշերը ԱՄՆ-ը Բաղդադի օդանավակայանի շրջանում գործողություններ է անցկացրել, որոնց հետեւանքով սպանվել են Ղասեմ Սոլեյմանին եւ Իրաքում շիական աշխարհազորայինների հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուխանդիսը, որոնց Վաշինգտոնում համարում են 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման կազմակերպիչներ:

Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին եռօրյա սուգ է հայտարարել եւ ասել է, որ դաժան վրեժ է սպասվում նրանց, ում ձեռքերի վրա է Սոլեյմանիի եւ մյուս տառապյալների արյունը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Իրանում 52 թիրախների ուղղությամբ «արագ եւ ուժեղ հարված հասցնել», եթե հարձակման ենթարկվեն ամերիկացիները: