Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բագերիի հետ քննարկել է Սիրիայում եւ մերձարեւելյան տարածաշրջանում լարվածությունը կանխելու քայլերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Զրույցի ընթացքում քննարկվել են Սիրիայում եւ մերձարեւելյան տարածաշրջանում լարվածությունը կանխելու քայլերը՝ կապված Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:   

Հիշեցնենք, որ հունվարի 3-ի գիշերը ԱՄՆ-ը Բաղդադի օդանավակայանի շրջանում գործողություններ է անցկացրել, որոնց հետեւանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին եւ Իրաքում շիական աշխարհազորայինների հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուխանդիսը, որոնց Վաշինգտոնում համարում են 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման կազմակերպիչներ:

Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին եռօրյա սուգ է հայտարարել եւ ասել է, որ դաժան վրեժ է սպասվում նրանց, ում ձեռքերի վրա է Սոլեյմանիի եւ մյուս տառապյալների արյունը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Իրանում 52 թիրախների ուղղությամբ «արագ եւ ուժեղ հարված հասցնել», եթե հարձակման ենթարկվեն ամերիկացիները: