Իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներից ոչ ոք հանդես չի եկել ՄԱԿ-ի ԱԽ նիստ անցկացնելու նախաձեռնությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Նման հարցումներ չեն ստացվել»,- ասել է դիվանագետներից մեկը:
Իրանի մշտական ներկայացուցիչը հունվարի 3-ին պաշտոնական նամակ է գրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ ԱԽ ղեկավարին: Նամակում Իրանը հայտարարել է ինքնապաշտպանության իր իրավունքի մասին, սակայն դրանում արտակարգ հանդիպում անցկացնելու մասին խնդրանք չի եղել:
ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Ջոնաթան Ալլենը հաստատել է, որ Լոնդոնը մտադիր չէ ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրել: Նրա խոսքով՝ երկրի վարչապետը բոլոր կողմերին ապաէսկալացիայի կոչ է արել:
Մերձավոր Արեւելքում իրավիճակը կտրուկ սրվել է հունվարի 3-ի գիշերը Բաղդադի օդանավակայանի շրջանում ԱՄՆ ավիահարվածից հետո, որի արդյունքում սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին եւ Իրաքում շիական աշխարհազորայինների հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուխանդիսը, որոնց Վաշինգտոնում համարում են 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման կազմակերպիչներ: Թեհրանը խոստացել է կոշտ պատասխան տալ եւ սկսել է միջուկային գործարքի շրջանակում իր պարտավորությունների իրականացման կրճատումը: ԱՄՆ-ի գործողությունները քննադատել են Իրաքի իշխանությունները: Հունվարի 5-ին Իրաքի խորհրդարանը բանաձեւ է ընդունել, որով արգելվում է երկրի տարածքում օտարերկրյա զորքերի ներկայությունը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրան ի պատասխան խոստացել է «աննախադեպ պատժամիջոցներ» սահմանել Իրաքի դեմ:




























