Իր հայրենի քաղաք Քերմանում «Ալ Ղուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հուղարկավորության ժամանակ տեղի է ունեցել հրմշտոց. կան զոհեր, հայտնում է Tasnim-ը՝ վկայակոչելով առողջապահության գերատեսչության ներկայացուցչին:

Գործակալությունը նշում է, որ զոհվածների թիվն առայժմ հայտնի չէ: Միայն հայտնի է, որ մի քանի մարդ զոհվել է, կան նաեւ վիրավորներ:

Միջադեպի փաստով քննություն է կատարվում: Գործակալության աղբյուրի խոսքով՝ հենց որ տուժածների վիճակը բարելավվի, կտան տեղի ունեցածի մասին լրացուցիչ տեղեկություններ:

Գեներալին հրաժեշտ տալու էին եկել հարյուր հազարավոր մարդիկ:

Ավելի վաղ Ղասեմ Սոլեյմանիին հրաժեշտ էին տվել Ահվազ, Մեշհեդ եւ Թեհրան քաղաքներում:

Հիշեցնենք, որ գեներալ Սոլեյմանին սպանվել էր հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի մոտ ԱՄՆ ՌՕՈՒ ավիահարվածի ժամանակ: Սոլեյմանիից բացի, սպանվել էին «ալ Հաշդ աշ Շաաբի»-ի հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ Մոհանդեսը եւ նրա մոտ 10 կողմնակիցներ: Զոհվածները երկու ավտոմեքենաներով դուրս էին եկել Բաղդադի օդանավակայանից: ԻՀՊԿ-ն հաստատել էր գեներալ Սոլեյմանիի սպանությունը:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին Սոլեյմանիի սպանության հետ կապված եռօրյա համազգային սուգ էր հայտարարել՝ նշելով, որ դաժան վրեժխնդրություն է սպասում նրանց, ում ձեռքերին են մնացել նրա, ինչպես նաեւ մյուս նահատակների արյունը: