Մեր ժամանակներում ամենատարբեր խելացի տեխնիկան ստանում է շատ ավելի մեծ կիրառություն: Խելացի մահճակալները, հեռուստացույցները, սառնարանները եւ նույնիսկ ատամի խոզանակները արդեն շատ քչերին կզարմացնեն: Սակայն այդ ամենը կառավարելը դառնում է շատ ավելի բարդ: Samsung ընկերությունը հայտարարում է, որ իր մշակած Ballie փոքրիկ դեղին ռոբո-գունդը կարող է լուծել այդ խնդիրը, հայտնում է Planet Today-ը:

Նորույթը ներկայացվել էր CES 2020 ցուցահանդեսում, որտեղ բոլոր ցանկացողները կարող էին ծանոթանալ դրա հնարավորությունների ցուցադրությանը: Ենթադրվում է, որ ռոբոտը կարող է օգտագործվել որպես խելացի տան համար ցանցային կենտրոն: Ballie-ը կառավարվում է հատուկ բջջային հավելվածի օգնությամբ, դրանում կարելի է ակտիվացնել նաեւ այլ հնարավորություններ, օրինակ՝ ֆիթնես-ասիստենտի գործառույթը:

Ներկայացված տեսանյութում, որը ցուցադրում է ռոբոտի հնարավորությունները, ցույց է տրվում, թե ինչպես է նա կարողանում բացել վարագույրները, միացնել հեռուստացույցը, լուսանկարել տիրոջը կարոտած շանը եւ ուղարկել այն նշված հասցեով: Ballie-ը անհրաժեշտության դեպքում կարող է նաեւ կանչել համապատասխան տեխնիկա՝ կատարելու համար այս կամ այն խնդիրը:

Թե ռոբոտները երբ կդրվեն վաճառքի եւ ինչ գնով՝ մշակողն առայժմ չի հաղորդում, սակայն հայտնի է, որ ծրագրվում է թողարկել սարքի մի ամբողջ շարք՝ տարբեր գործառույթներով: