Սառույցների տակ հետազոտություններ կատարելու համար ռոբոտ է ստեղծվել Փասադինայի (Կալիֆոռնիայի նահանգ) Ռեակտիվ շարժման լաբորատորիայի մասնագետների կողմից։ Ինչպես տեղեկացրել է New York Times թերթը, սարքը, որն ստացել է Bruie (Buoyant Rover for Under-ice Exploration – սառույցների տակ հետազոտություններ կատարելու լողացող ինքնավար սարք) անվանումը, փորձարկվել է արեւելյան Անտարկտիդայում։ Այն ասես քառակող հեսան լինի երկու ատամնանիվներով, որոնց հաշվին դանդաղ տեղաշարժվում է սառույցի շերտի տակ ու տեղեկություն հավաքում տեսախցիկների եւ բազմաթիվ տվիչների օգնությամբ։ Սարքը, որը կարելի է կառավարել արբանյակի միջոցով, հաջողությամբ աշխատել է երեք ժամ տեւողությամբ երեք սուզումների ընթացքում, իսկ չորրորդ ստուգիչ սուզման ժամանակ ջրի տակ գտնվել է 42 ժամ 30 րոպե, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Երկարաժամկետ առումով, նշել է New York Times-ը, սարքը կարող է օգտագործվել սառցի շերտով պատված օվկիանոսի ուսումնասիրման համար Յուպիտերի արբանյակի՝ Եվրոպայի վրա։ Յուպիտերի այդ վեցերորդ արբանյակի հետազոտությունները, որը չափերով զիջում է Լուսնին, 1990-ականներին իրականացրել է «Գալիլեյ» ավտոմատ կայանը։ Հաջորդ կայանը՝ Europa Clipper-ը, պետք է ուղեւորվի Յուպիտեր 2025-ից ոչ ուշ։ Այդ սարքը պետք է ուղեծիր դուրս գա Յուպիտերի շուրջ եւ նկարահանի Եվրոպայի մակերեսը։ Հետազոտության հետագա պլանները առայժմ որոշված չեն, բայց, ինչպես նշում է թերթը, NASA-ի (Աերոնավտիկայի եւ տիեզերական տարածքի հետազոտման ազգային վարչություն) մասնագետները արդեն մշակել են մեթոդներ, որոնք կարող են օգտագործվել Եվրոպայի ապագա ուսումնասիրությունների համար։

«Ինքնավար լողացող սարքի եւ Եվրոպայի վրա օվկիանոսի հետազոտման այլ սարքերի ստեղծումը երկարաժամկետ նպատակներից մեկն է, որը մենք հույս ունենք երբեւէ իրականացնել,- թերթի հարցազրույցում նշել է հետազոտողների խմբի ղեկավար Քեւին Փիթեր Հենդը։- Հավանաբար, դա կարող է տեղի ունենալ արդեն Europa Clipper-ի թռիչքից եւ արբանյակի մակերեսին սարքի վայրէջքից հետո։ Այդ հետազոտությունները թույլ կտան պատրաստվել այն բանին, որ հնարավոր դառնա թափանցել սառույցի հաստության տակ եւ հասնել օվկիանոսին»։