Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչների շրջանում ծայր առած դժգոհությունները սպառնում են վերաճել լայնամասշտաբ բողոքի ալիքի, որի արդյունքում ոստիկանությունը կարող է մնալ առանց քննիչների, քանի որ նրանց մեծ մասը սպառնում է ազատման դիմում գրել եւ աշխատանքից դուրս գալ, գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

Պարբերականը նշում է. «Ինչպես հայտնի է, քննիչների դժգոհության ալիքի բարձրացման պատճառը եղել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Վահան Խանզադյանին ապրիլի 11-ին կալանավորելու փաստը: Քննիչներին զայրացրել է այն հանգամանքը, որ ոստիկանության ղեկավարությունը որոշել է «պլանը» կատարելու համար որպես քավության նոխազ օգտագործել քննիչին: Խանզադյանը մեղադրվում է դեռեւս 2009-ին Գավառում 3 հոգու դեմ մահափորձ կատարելու փաստի առիթով հարուցված քրգործի ընթացքը սխալ տանելու, հանցագործներին չբացահայտելու եւ քրեական գործը կասեցնելու մեջ: Սակայն, մեր տեղեկություններով, քրեական գործի մանրամասներին ծանոթ մեր գործընկերները վստահ են, որ տեղի ունեցածի համար Խանզադյանը մեղավոր չէ, քանի որ նա պատշաճ կատարել  իրեն վերապահված գործառույթները: Քննիչները համոզված են, որ հանցագործների պարտակման խնդիրը լուծվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ընթացքում:

Տեղի ունեցածից հետո քննիչները հասկացել են, որ նույն հաջողությամբ իրենցից յուրաքանչյուրը կարող է հայտնվել Խանզադյանի տեղում: Ոչ ոք չի կարող ասել, թե քննիչներից ով կլինի քավության նոխազը, եթե ասենք Սերժ Սարգսյանը մի օր որոշի կրկին գնալ ոստիկանություն եւ այդ համակարգի ղեկավարներից որեւէ մեկին անվանի անբարոյական»,- գրում է թերթը:

Պարբերականի տեղեկություններով, քննիչները ոստիկանության քննչական գլխավոր վարչության շենքում ցուցադրական ազատման դիմումներ են գրել, բայց մուտք չեն արել, սպասելով իրենց ղեկավարության արձագանքին: «Բայց երեկ հայտնի է դարձել, որ ՀՀ ոստիկանության ղեկավարությունը մտադիր չէ «նահանջել»` նախընտրել է քննիչներին սաստել հակընդդեմ սպառնալիքներով: Արդյունքում քննիչները կազ կոմիտեի պես ինչ-որ մարմին են ստեղել, որպեսզի գործեն համախմբված: Եթե խնդիրն ինչ-որ կերպ չլուծվի, ապա բացառված չէ, որ 100-ից ավելի քննիչներ միաժամանակ ազատման դիմում ներկայացնեն, որից հետո ՀՀ ոստիկանությունը կարող է մնալ առանց քննիչների»,- գրում է թերթը: