ԱՄՆ Դաշնային Վերաքննիչ դատարանը չեղարկել է ստորին ատյանի դատարանի որոշումը, որով արգելվում էր Պենտագոնի բյուջեից Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու նպատակով 3,6 մլրդ դոլար հատկացնելու՝ նախագահ Դոնալդ Թրամփի պլանը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Wall Street Journal պարբերականին։
Մինչ այդ տեղեկացվել էր, որ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը պաշտոնապես հավանություն է տվել 127 ծրագրերի ֆինանսավորման վերաբաշխմանը, որպեսզի 3,6 մլրդ դոլար հատկացնի մոտ 175 մղոն (281 կիլոմետր) պատնեշի կառուցման համար։ Դեկտեմբերին Էլ Պասոյի դաշնային դատարանը որոշել էր, որ ռազմական շինարարության համար նախատեսված միջոցների վերաբաշխման վարչակազմի փորձը արտակարգ դրության վերականգնման ճանապարհով ապօրինի է, եւ արգելափակել էր Պենտագոնի միջոցները պատի կառուցման համար օգտագործելու Թրամփի պլանը։
Համաձայն Նոր Օռլեանի վերաքննիչ դատարանի որոշման, հայցատուները բավարար հիմքեր չունեին գործը դատարան հանձնելու համար։ Թերթը նշում է, որ թեեւ նոր որոշումը վերջնական չէ, ներկա պահին նախագահի աշխատակազմը կանաչ լույս է ստացել ռազմական բյուջեի մի մասն օգտագործելու համար։
Թրամփը իր ընտրվելու պահից սկսած՝ վարում է անլեգալ միգրացիայի կրճատման քաղաքականություն։ Նա 2016 թվականի ընտրություններից առաջ խոստացել է պատ կառուցել Մեքսիկայի հետ ցամաքային սահմանին, որտեղից ԱՄՆ են գալիս մեծ թվով անլեգալ ներգաղթյալներ։ Պատի կառուցման հարցը բուջետային ճգնաժամ է առաջացրել 2018 թվականի վերջին – 2019-ի սկզբին։ Արդյունքում՝ Թրամփը չկարողացավ Կոնգրեսից ստանալ պահանջվող փողերը եւ վերաբաշխեց բյուջեի մյուս հոդվածները սահմանին պատնեշ կառուցելու համար։
Թրամփը հայտարարել է, որ 500-550 երկարությամբ պատը կկառուցվի միչեւ 2020 թվականի հաջորդ ընտրություններ։ Թրամփի աշխատակազմը հայտարարել է, որ կվերցնի Մեքսիկայի հետ սահմանին պատնեշի կառուցման միջոցների մի մասը բյուջեի այլ հոդվածներից։ Թրամփն օգտվել է սահմանին ԱԴ ռեժիմի թարմացումից, որը թույլ է տալիս գործի դնել այլ նպատակներով Կոնգրեսի արդեն հատկացրած միջոցները։





























