2020 թվականին Հայաստանի ներքին քաղաքականությունը պետք է հագեցած լինի ինստիտուցիոնալ փոփոխություններով, անհրաժեշտ է աշխատել զարգացման ռազմավարության ձեւավորման եւ իրականացման ուղղությամբ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 9-ին ասել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ ղեկավար Թեւան Պողոսյանը։
Նա ընդգծել է ողջ հայության ջանքերի կարեւորությունը Ադրբեջանի մայրաքաղաքում հայկական ջարդերի 30-ամյակի միջոցառումների անցկացման համար։
«Կարեւոր է նաեւ արժանի ընտրություններ իրականացնել Ղարաբաղում եւ հերթական անգամ ցույց տալ գործընթացների դեմոկրատականությունը, որոնք ընթանում են հայկական երկրորդ հանրապետությունում։ Բացի այդ, պետք է հետեւել, թե ինչ արդյունքների կհանգեցնեն ընտրություններն Ադրբեջանում, ինչ կարող է դա նշանակել մեզ համար»,- նշել է փորձագետը։
Հիշեցնենք, որ 2020 թվականի փետրվարի 9-ին Ադրբեջանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ մարտի վերջին Ղարաբաղում տեղի կունենան հերթական խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները։




























