Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, թե կան ապացույցներ, որ իրանական հրթիռն է հարվածել ուկրաինական օդանավին եւ որ հարվածը «կարող է ոչ կանխամտածված» լինել, հայտնում է AP-ը։ Նրա խոսքերով՝ Կանադայի եւ դաշնակիցների հետախուզությունը հաստատում է դա։

«Վերջին ժամերին մեզ փոխանցել են կարեւոր տեղեկատվություն՝ միջադեպի հետ կապված․․․ Ունենք մի քանի աղբյուրներից հետախուզական տվյալներ, որոնք վկայում են, որ ինքնաթիռին հարվածել է իրանական «երկիր-օդ» հրթիռը»,- Թրյուդոյին է մեջբերում ՌԻԱ Նովոստին։ Նա հավելել է, որ ստցված տեղեկատվության համաձայն, ինքնաթիռին դիտավորյալ չեն հարվածել։

Ավելի վաղ ԱՄՆ ներկայացուցիչները հայտարարել էին, որ «շատ հավանական է»՝ իրանական զենիթային հրթիռը հարվածել է ինքնաթիռին։ Նրանք ենթադրել են, որ դա, ամենայն հավանականությամբ, պատահականություն է եղել։

Հիշեցնենք, որ Թեհրան-Կիեւ չվերթը հունվարի 8-ի առավոտյան թռիչքից մի քանի րոպե հետո վթարի էր ենթարկվել։ Ինքնաթիռում գտնվող բոլոր 176 մարդիկ զոհվել էին, նրանց մեջ եղել էին արտասահմանցիներ, այդ թվում՝ 62 կանադացիներ։