ԵԽԽՎ-ում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հարցեր ուղղելու համար ցուցակում հայ կին պատգամավորների հերթը հետ է գցել անձամբ ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուն: Դա է հաստատում ԵԽԽՎ քարտուղարության պաշտոնական պատասխանն ուղղված ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությանը:
Նշենք, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը երեկ պաշտոնապես գրավոր դիմել է ԵԽԽՎ քարտուղարությանը` ակնկալելով պարզաբանում, թե ինչպես է ստացվել, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հարցեր տալու համար նախնական ցուցակում 3-րդ եւ 6-րդ տեղերում հերթագրված Նաիրա Զոհրաբյանը եւ Զարուհի Փոստանջյանը հայտնվել էին դահլիճ բերված ցուցակի վերջին տեղերում: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրբյանը, հավելելով, որ երեկ ուշ երեկոյան ԵԽԽՎ քարտուղարությունից ստացվել է պատասխանը:
«Ավելի ուշ նիստերի դահլիճ բերված ցուցակում մենք հայտնվել էինք ցուցակագրվածների վերջին հորիզոնականում: Երեկ ուշ երեկոյան ԵԽԽՎ հանձնաժողովն իր գրավոր պատասխանում, ըստ էության, հաստատել է, որ դա եղել է անձամբ ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուի որոշումը:
Հիմնավորման մեջ իրենք հղում են արել ԵԽԽՎ կանոնակարգի այն դրույթին, որում մասնավորապես ասված է, որ եթե ԵԽԽՎ-ում կա հյուր-հրավիրակ, իսկ տվյալ դեպքում հրավիրյալը Թուրքիայի վարչապետն էր, ապա ԵԽԽՎ նախագահն իրավունք ունի ինքը որոշելու հերթագրվածների հերթականությունը` անկախ իրենց հերթագրվելու տեղի: Այսինքն, ինքն անձամբ իրավունք ունի որոշել, թե երբ ձայնի իրավունք տրամադրի պատգամավորին: ԵԽԽՎ նախագահն օգտվել է կանոնակարգի ընձեռած այդ հնարավորությունից: Սա իրենց պատասխանն էր»,- նշեց Զոհրաբյանը:
Հայաստանի պատվիրակության անդամը նաեւ նշեց. «Իրենք հղում են անում կանոնակարգին, սակայն ես չի հիշում որեւէ նախադեպ, երբ ԵԽԽՎ-ի որեւէ նախագահ օգտված լինի կանոնակարգի այդ հնարավորությունից: Քաղաքական առումով ես դա խայտառակություն եմ համարում: Դա մեկ բան է ապացուցում, որ ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուն ոչ թե ԵԽԽՎ արժեքներ դավանող գործիչ է, այլ` թուրք պաշտոնյա, որն օգտվելով կանոնակարգի դրույթից, ընդամենը ցանկացել է իր երկրի վարչապետ Էրդողանին պաշտպանել հայ պատգամավորների ոչ ցանկալի հարցերից»,- ասաց Զոհրաբյանը:
Նա նաեւ կարծիք հայտնեց, որ այդ հարցը պետք է բարձրացվի ԵԽԽՎ կանոնակարգային հանձնաժողովում. «Եթե Մեվլութ Չավուշօղլուն օգտվում է կանոնակարգի համապատասխան դրույթից եւ փոփոխություններ կատարում հերթագրված պատգամավորների ցուցակում, ուրեմն առնվազն պետք է հայտարարեր, որ ունի շահերի բախում: Այսինքն ինքը ցանկացել է իր երկրի վարչապետի համար ԵԽԽՎ նիստերի դահլիճում ստեղծել ջերմոցային պայմաններ, որպեսզի ոչ մի անկանխատեսելի հարց նրա համար չհնչի: Չնայած Մեվլութ Չավուշօղլուի բոլոր ջանքերին ապահովել Էրդողանի համար բարենպաստ ջերմոցային միջավայր, դա նրան ուղղակի չի չհաջողվել»:





























